Ադրբեջանցի միլիարդատեր, 43-ամյա Անար Մամեդովի համբավը վաղուց է երկրի սահմաններից դուրս եկել․ նա մեկն էր, որ տարիներ առաջ փորձում էր Դոնալդ Թրամփի հետ Բաքվում 33 հարկանի շքեղ հյուրանոց՝ Trump tower կառուցել, ավելի քան 12 միլիոն դոլար էր ծախսել Ամերիկյան լոբբիստական կազմակերպությունների վրա` Ադրբեջանի շահերն առաջ տանելու համար։
2012-ին նրա ընկերությունը Վաշինգտոնում գալա ընթրիքի վրա միայն ծախսել էր մոտ կես միլիոն դոլար․ հյուրերի թվում էին Ներկայացուցիչների տան այն ժամանակվա խոսնակ Ջոն Բոերը և Կոնգրեսի 15 այլ անդամներ։
Տպավորիչ կարողությանը երիտասարդը տիրացել էր ազդեցիկ հոր՝ Տրանսպորտի նախարարի ու նրա նախարարությունից ստացած պետպատվերների միջոցով։ Օրինակ՝ 1000 լոնդոնյան տաքսիներ ներմուծել Բաքու, խոշոր մայրուղու կառուցման տենդեր շահել․ ընդհանուր առմամբ, ըստ «Ազատության» հետաքննության, Մամեդովի ընկերությունը, որի սեփականատերերից մեկն էլ հարազատ հորեղբայրն էր, պետբյուջեից մոտ 1,3 միլիարդ դոլարի պատվերներ էր ստացել։
Տարիներ առաջ «Վիկիլիկս»-ում գաղտնազերծված հեռագրերից մեկում ամերիկացի դիվանագետներից մեկը Մամեդովի մասին գրել էր՝ «նա չափն անցնում է անգամ Ադրբեջանի ստանդարտներով»։
«Ազատության» ադրբեջանական ծառայության հետաքննությունը նոր մանրամասներ է պարզել, ըստ որոնց Մամեդովը միլիոնավոր դոլարներ է ներդրել Մեծ Բրիտանիայում՝ ամերիկյան KFC ցանցի ֆրանչայզինգի զարգացման մեջ, մոտ երկու տասնյակ ռեստորանների տեր դարձել՝ երբեմն թաքնվելով օֆշորային խճճված ցանցերի ետևում։
2022-ին, երբ այս մասին առաջին տեղեկությունները հրապարակվեցին ադրբեջանական մամուլում, նրա հայրը՝ տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովը պնդեց․ - «Ով գրել է, պետք է գնա ու գտնի այդ ռեստորանը, այդ դեպքում ես այն գտնողին կնվիրեմ։ 30 տարի է՝ հերյուրանքներ են տպում», - ասել էր նա իշխանամետ Manset պարբերականին, հավելելով՝ որդին որևէ ռեստորան Անգլիայում չունի։
«Ազատության» ադրբեջանական ծառայության հետաքննությունը, սակայն, պարզել է, որ ոչ թե մեկն ունի, այլ առնվազն 20-ը՝ Անգլիայի հյուսիսարևելյան շրջաններում։ Ըստ առկա փաստաթղթերի, դրանք գնվել են անանուն օֆշորային մի ֆիրմայի միջոցով՝ ավելի քան տասը տարի առաջ։ Ըստ վերջին ֆինանսական փաստաթղթերի, ռեստորանները կառավարող ընկերությունը 2021-ին ունեցել է մոտ 50 միլիոն դոլարի շրջանառություն:
Անար Մամեդովի KFC-ն և գույքը Մեծ Բրիտանիայում.
Ինքը՝ Անար Մամեդովը, չի արձագանքել Անգլիայում, այդ թվում՝ Լիվերպուլում, Բոլթոնում, Պրեսթոնում KFC ռեստորաններ ունենալու մասին «Ազատության» հարցերին։ KFC -ի՝ Ամերիկայում գտնվող գլխամասում ևս անպատասխան են թողել այս մասին հարցերը։
Մամեդով-հայրը, «Ազատության» լրագրողի հետ զրույցում պնդել է՝ «ամեն ոք կարող է ասել այն, ինչ ուզում է»։ Իսկ երբ լրագրողը հիշեցրել է նրա խոսքերը՝ եթե գտնեն որդու ռեստորանը, այն նվեր կստանան, հայր-Մամեդովն ընդհատել է հեռախոսազրույցը, ասելով՝ «շնորհակալ եմ, լավ մնացեք»։
Ռեստորանային ներդրումներից բացի Մամեդովը նաև շքեղ առանձնատներ ու բնակարաններ է գնել Լոնդոնի թանկարժեք թաղամասերում՝ վճարելով մոտ 38 միլիոն դոլար։
2017-ին Բրիտանիայի խորհրդարանում դեբատներ եղան՝ Ադրբեջանում փողերի լվացման ու հարկերից խուսափելու թեմայով․ այդ ժամանակ էր, որ բրիտանացի պատգամավորներից մեկը հայտարարեց, թե Անար Մամեդովը ընդամենը 20 տարեկանում 4 միլիոն դոլարանոց տուն է գնել Լոնդոնի շքեղ Bishops պողոտայում, որի գինը վերջին տվյալներով հասել է 15 միլիոն դոլարի։
Ինչպես ցույց են տալիս «Ազատության» տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը, տարիներ առաջ բրիտանական Գերնսի կղզու ղեկավարը և կառավարիչները տուգանել են այս գործարքը բերած ընկերությանը՝ կոռուպցիոն կասկածները շրջանցելու առուվաճառքի պայմանագրում Մամեդովի քաղաքական կապերը չբացահայտելու համար։
Եվրամիության անձնագիր ստանալու փորձեր
Հայտնի է դարձել նաև, որ Մամեդովը փորձել է Եվրամիության անձնագիր ստանալ։ 2015-ին, մասնավորապես, նա դիմել է Մեծ Բրիտանիայում գործող Henley & Partners ընկերությանը, որը ըստ Հետաքննողների միջազգային կոնսորցիումի, աջակցել է ռիսկային հաճախորդներին Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր ստանալ՝ ներդրումների դիմաց։
Ընկերությանը ներկայացված հայտում Մամեդովը նշել է, որ ուզում է ԵՄ անդամ Մալթայի քաղաքացիություն ստանալ, քանի որ ուզում է անխոչընդոտ ճամփորդել և հետաքրքրված է նաև բիզնես զարգացնել Միջերկրականում գտնվող այդ կղզի-պետությունում։
«Ազատության» տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը, սակայն, վկայում են, որ քաղաքացիության հարցերով զբաղվող բրիտանական Henley & Partners-ը մերժել է հայտը, եզրակացնելով՝ ադրբեջանցի մագնատի հետ համագործակցությունը կարող է մեծ վնաս հասցնել թե՛ ընկերության, թե՛ Մալթայի հեղինակությանը։
Հրապարակային որևէ փաստ, սակայն, չկա, որ հայր կամ որդի Մամեդովների դեմ երբևէ քրեական գործ է հարուցվել կոռուպցիայի մեղադրանքով։ Մեծ Բրիտանիայի պետական ռեգիստրում նա դեռևս գրանցված է որպես Ադրբեջանի քաղաքացի և ռեզիդենտ։