«Ազատության» թաթար-բաշկիրական ծառայության լրագրող Ալսու Կուրմաշևան, նիգերացի քննիչ Սամիրա Սաբուն, պաղեստինցի լրագրող Շրուկ Ալ-Այլան և գվատեմալացի լրագրող Քուիմի դե Լեոնը դարձել են Լրագրողների պաշտպանության կոմիտեի Մամուլի ազատության միջազգային մրցանակի դափնեկիրներ, հաղորդում է կազմակերպության կայքը։
Ալսու Կուրմաշևան ռուսական բանտում անցկացրել է 288 օր։ Ռուսաստանում նրան վեցուկես տարվա ազատազրկման էին դատապարտել՝ «ռուս զինվորականների մասին կեղծիքներ տարածելու» մեղադրանքով, մի մեղադրանք, որ հերքում է և՛ լրագրողը, և՛ «Ազատություն» ռադիոկայանը։ Օգոստոսի 1-ին լրագրողն ազատ է արձակվել Արևմուտքի, Ռուսաստանի և Բելառուսի միջև գերիների զանգվածային փոխանակման շրջանակներում:
«Մամուլի ազատության միջազգային մրցանակը խորհրդանշում է այն կարևոր աշխատանքը, որ անում են լրագրողներն ամբողջ աշխարհում՝ ճշմարտությունը ճնշելու բռնի փորձերի ֆոնին փաստեր հաղորդելը», - ասել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի գործադիր տնօրեն Ջոդի Գինսբերգը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն նաև հետմահու կպարգևատրի Քրիստոֆ Դելուարին, ով եղել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գործադիր տնօրենը։ Նա մահացել է 2024 թվականի հունիսին՝ քաղցկեղից։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա Նյու Յորքում 2024-ի նոյեմբերի 21-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վերջապես հոգատար ձեռքերում եմ». Ալսու Կուրմաշևան՝ ռուսական բանտից հետո կյանքի մասին