Ինչո՞ւ Ազատի զինվորական կացարանի 15 ժամկետային զինծառայողները չկարողացան դուրս պրծնել այրվող մեկհարկանի շինությունից, ինչի՞ հետևանք էր հրդեհը, ինչպե՞ս է այն տարածվել ամբողջ կացարանով մեկ. ողբերգական հրդեհից մեկուկես տարի անց էլ որդեկորույս ծնողներն իրենց տանջող հարցերի պատասխանների մի մասն, ասում են՝ անգամ դատաքննության փուլում չեն կարողանում ստանալ։ Կացարանի հրդեհի գործն անցած սեպտեմբերին է մեկնարկել։
«Առողջ, խելացի, ֆիզիկապես ուժեղ տղերք չկարողացան երեք լիտր բենզինի բոցի մեջից թռնե՞ն, դուրս գա՞ն, ուրեմն նրանք, եթե սպանված չեն եղել, ուրեմն անգիտակից վիճակում են եղել։ Եթե ինչ-որ մեկը կարա ինձ ապացուցի, որ էդ տղերքն ուզում էին ինքնասպան լինել էդ հրդեհն ինչ-որ պատճառ էր իրենց պլանն իրագործելու, նոր էդ դեպքում ես կհավատամ։ Կենդանին, որ կենդանի է, մինչև վերջին շունչն իր կյանքի համար պայքարում է։ Էդ կրակն էն բանը չէր, որ էդ տղերքի դեմն առներ», - «Ազատության»-ն ասաց զոհված զինծառայողներից 19-ամյա Հայկի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
Կիրակոսյանը պնդում է՝ դատարանում շարունակվող հարցաքննությունները գործն ավելի են խճճել։ Տուժողներն ու վկաները, ըստ Գաբրիելյանի ու իրենց փաստաբան Նորիկյանի, իրարամերժ ցուցմունքներ են տվել. նախաքննության ընթացքում մի բան են ասել, դատաքննությանն՝ այլ բան պնդել։
Որդեկորույս հայրը կասկածներ ունի, որ հակասությունները գործը տապալելու, իրականությունը չբացահայտելու նպատակով են արվում։
Կիրակոսյանը վստահ է՝ նաև պետությունն է շահագրգռված, որ այս գործը չբացահայտվի։ Ասում է՝ դեպքից ժամեր անց արդեն պաշտոնական վարկածը հնչեց, ընդ որում, առաջինը դա արեց վարչապետը՝ կառավարության նիստին։
Ըստ պաշտոնական վարկածի՝ կապիտան Եղիշե Հակոբյանն էր փորձել բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով բռնկված հրեհից 15 զինծառայող զոհվեց։
«Այդ վարկածն այդ նույն կապիտանն այլ կերպ է բացատրում՝ լցրեց, բացեց, կպավ, շպրտեց՝ ինքնապաշտպանական բնազդից ելնելով։ Հիմա ասում է՝ շիշը չեմ շպրտել, շիշն իմ ձեռքից ընկել է և ես չգիտեմ, թե ոնց է հայտնվել դռան առաջ։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում, որ վարչապետն այդ պահին սխալ հայտարարություն արեց», - ասաց Գաբրիել Կիրակոսյանը։
Նա համոզված է՝ վարչապետ Փաշինյանի հունվարի 19-ի հայտարարությունն էր պատճառը, որ գործը հենց պաշտոնական վարկածով է ընթանում։ Կիրակոսյանը Փաշինյանի խոսքը ուղղորդում է որակում։
Քննչական կոմիտեից հերքում են տուժածների իրավահաջորդների մեղադրանքները
Նախաքննությունն իրականացրած Քննչական կոմիտեից, սակայն, հերքում են տուժածների իրավահաջորդների մեղադրանքները։ Պնդում են՝ բազմակողմանի ու լիարժեք նախաքննություն է ընթացել, ընդ որում շեշտելով, որ այն դատախազութունն է վերահսկել։ Ծնողների միջնորդություններն էլ, ըստ Քննչականի, այդ փուլում քննության առարկա են եղել։
«Դատարանում հարցաքննվող վկաները տալիս են միմյանցից էապես տարբերվող և հակասող ցուցմունքներ», - նշեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Նա պնդում է՝ անգամ դատաքննության ընթացքում են իրարամերժ հայտարարություններ հնչում։ Ըստ փաստաբանի՝ գործով առանցքային մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը դատարանում ոչ մեկ անգամ ինքն իրեն հակասել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատի հրդեհի գործով առաջին անգամ ցուցմունք տվեց գլխավոր մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը«Վառարանը վառելու պահին, ըստ Եղիշե Հակոբյանի, իր մոտ են գտնվել Լևոն Խառատյանն ու Ռադիկ Մխիթարյանն, այն դեպում երբ միջդատական փուլում Եղիշե Հակոբյանը ոչ միայն այդ մասին լռել է, այլև վարույթ իրականացնող մարմնի կողմից չեն ձեռնարկվել այնպիսի քայլեր որպիսի պայմաններում այս տվյալները հասանելի կդռանային վարույթ իրականացնող մարմնին», - ասաց Նորիկյանը։
Փաստաբանը պնդում է՝ հրդեհի վայրն էլ չի պահպանվել՝ խախտվել է, օրինակ դեպքի վայրից ողջ մնացած զինվորներից Արսեն Սողոմոնյանի հեռախոսն էին գտել ծնողներն՝ ամբողջությամբ սարքին։ Արձանագրել են, որ հեռախոսով զանգ է կատարվել հրդեհից ժամեր անց։
Փաստաբանն ասում է՝ ինչպե՞ս է հրդեհից հետո հեռախոսը սարքին մնացել ու հրդեհից ժամեր անց օգտագործվել։ Թեև վկան ինքը՝ Արսեն Սողոմոնյանը դատարանում հերքել է, թե հեռախոսից օգտվել է, միևնույն է տուժողների փաստաբանը կասկած ունի՝ այն միտումնավոր է հայտնվել այրված կացարանի տարածքում, գործի քննությունը շեղելու համար։ Կասկածի տեղիք տվող հանգամքներն էլի կան պաշտպանի համար։
«Հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով քրեական հետապնդում հարուցել հնարավոր մեղավոր անձանց նկատմամբ, ովքեր ժամանակին չեն ձեռնարկել համապատասխան քայլեր այդ տեսանյութերի ամբողջականությունը, լրիվությունը, անձեռնմխելիությունն ապահովելու առումով, որովհետև հիմա խորը կասկած կա, որ էդ տեսանյութերը կարող են ամբողջական չլինել», - ասաց Նորիկյանը։
Հիմա վկաներն են հարցաքննվում
Դատարանում հիմա վկաներն են հարցաքննվում։ Փաստաբանը կարծում է՝ մեղադրյալների հարցաքննությունը կարող է որոշակի բացահայտումների հանգեցնել։ Կապիտանից բացի ևս չորս մեղադրյալ կա, նրանք բարձրաստիճան զինվորականներ են, ովքեր պատասխանատու էին զորամասի անվտանգության ու հակահրդեհային պաշտպանության համար։
Բայց ոչ փաստաբանը, ոչ էլ ծնողները վստահ չեն, թե դատաքննությունը լուրջ արդյուքների է բերելու ու դատարանի առաջ են կանգնելու ողբերգության մյուս պատասխանատուները։ Սա է պառճառը, որ որդեկորույս ծնողները դեռ նախաքննության փուլից սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ են սկսել՝ նոր հանգամանքներ բացահայտելու նպատակով՝ բոլորին մեղավորներին դատարանում տեսնելու համար։