Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։
Հերթապահող պարեկները բոլոր անցնող մեքենաներին ցույց են տալիս Աճարկուտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն արդեն ասֆալտապատ է ու զուգահեռաբար դեռ աշխատանքներ են ընթանում։
Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։
Ու, չնայած, հայ-ադրբեջանական պայմանավորվածության համաձայն, կամուրջն ու մոտ մեկ կիլոմետրանոց ճանապարհն այս ամսվա վերջին են անցնելու Ադրբեջանին, բայց այսօրվանից փաստացի հայկական կողմն այն չի շահագործում։
Your browser doesn’t support HTML5
«Ազատության»-ն այսօր էլ չթույլատրեցին նկարահանումներ անել կառուցվող պատի հարակից տարածքում, նաև՝ ճանապարհի այդ փորված հատվածում։ Անգամ հնարավոր չեղավ մոտենալ կառուցվող պատին։
Դիտարկմանը, թե այս նույն հատվածով երեխաները սեպտեմբերին հավանաբար դասի են գնալու նորակառույց դպրոցում, եթե այն շահագործման հանձնվի, և հարցին, թե ինչո՞ւ այդ դեպքում «Ազատության»-ը թույլ չեն տալիս գտնվել այդ նույն տարածքում, ԱԱԾ աշխատակիցը պատասխանեց՝ հրահանգ ունի՝ թույլ չտալ։
Այսօր առավոտյան Ճանապարհային դեպարտամենտն էր հայտարարել, որ այսօրվանից ժամանակավորապես փակվում է Կիրանցի ճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով։
Ըստ հաղորդման՝ տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։
Աճարկուտով անցնող ճանապարհը մինչև մայրուղի 2,5 կմ է, բայց Իջևանի կողմից Կիրանց գնացողների համար, ճանապարհը մոտ 4 կմ երկարում է, քանի որ շրջանցում են ու ճանապարհի վերջնամասից միայն վերադառնում գյուղ։
Այս ճանապարհը, որ գրունտային, դժվար անցանելի էր, հայ-ադրբեջանական պայմանավորվածությունից հետո սկսեցին վերանորոգել։ Սրան զուգահեռ կառուցվում է նոր ավտոճանապարհ, որն ավարտին հասցնելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։
Your browser doesn’t support HTML5