Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը երկուշաբթի օրը պաշտոնապես հանձնարարել է խորհրդարանական ընտրություններում ամենամեծ թվով ձայներ ստացած ծայրահեղ աջ Ավստրիայի «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հերբերտ Կիքլին նոր կառավարող կոալիցիա ձևավորել:
Եթե կոալիցիան ստացվի, ապա դա կլինի Ավստրիայի առաջին ծայրահեղ աջակողմյան կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Սկզբնապես նախագահ Վան Դեր Բելենը խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած պահպանողականներին էր հանձնարարել կոալիցիա ձևավորել, քանի որ խորհրդարան անցած ուժերի մեծ մասը պատրաստ չէր ծայրահեղ աջերի հետ համագործակցել։ Սակայն, պահպանողականների, սոցիալ-դեմոկրատների և լիբերալների երկար ու բարդ բանակցություններում չհաջողվեց համաձայնության հասնել հատկապես տնտեսական և հարկային քաղաքականության հարցերում, և ծայրահեղ աջերի դեմ կոալիցիան չկայացավ։
Այժմ կոալիցիա կփորձեն ձևավորել ծայրահեղ աջերը՝ Կիքլի գլխավորությամբ, ով հանդես է գալիս կոշտ ներգաղթային քաղաքականություն վարելու օգտին, դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և Արևմուտքի ռազմական աջակցությանն Ուկրաինային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավստրիայի կանցլերը հայտարարել է իր հրաժարականի մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավստրիայի խորհրդարանին չհաջողվեց իշխող կոալիցիա ձևավորել