«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017 թվականի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան X-ում, ի աջակցություն Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, տեսաուղերձ է հրապարակել։
«Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ տարիներ շարունակ։ Ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները միանգամայն կեղծ են և անհեթեթ։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ գործի՝ ապահովելու նրա և Ադրբեջանում անարդարացիորեն պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումը», - գրել է Քաթինան։
Ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին, այդ թվում՝ վարդանյանին, ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Ռուբեն Վարդանյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներներից է։
Առաջին անգամ «Ավրորա» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլի 24-ին Երևանում։ Այն ժամանակ հայտարարվեց, որ «մրցանակի նպատակն է՝ արժանին մատուցել մեր օրերի հերոսներին և գնահատել այն բացառիկ ազդեցությունը, որ նրանց գործունեությունն ունեցել է մարդկային կյանքի պահպանման և մարդասիրական գործն առաջ մղելու հարցում»։ Մրցանակը շնորհվում է ամեն տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարում են նոր մարդասիրական մրցանակի ստեղծումը