Ռուսական զորքերը, կառավարվող ռումբերով, երեկ կեսօրին ավիահարվածներ են հասցրել Խարկովի Կիևսկի թաղամասին, հարվածի հետևանքով 14 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտարարել է շրջանի ռազմական վարչակազմի ղեկավարը։
«Երեխայի ընդհանուր վիճակը միջին ծանրության է»,-Տելեգրամի իր ալիքում գրել է Օլեգ Սինեգուբովը։
Ըստ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի՝ վիրավոր 8-ամյա մի տղայի փրկարարները դուրս են բերել առանձնատան փլատակներից։
Ուկրաինայի ոստիկանության տվյալներով՝ ավիահարվածի հետևանքով տուժել են բարձրահարկ շենքեր, առանձնատներ, փոստային բաժանմունք, սպասարկման կետ և ավտոմեքենաներ։
Ռուսական կողմը չի մեկնաբանել Խարկովին ավիահարվածները։
Խարկովը գրեթե ամեն օր հարվածների է ենթարկվում։ Հաճախ թիրախում լինում են նաև Ուկրաինայի փոստային օբյեկտները։ Ռուսական կողմը պնդում է, թե դրանց պահեստներն օգտագործվում են ռազմական նպատակներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի. Ռուսաստանը ձախողել է Խարկովի վրա հարձակումը