1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Ռիխտերի սանդղակով 9 բալլ ուժգնությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ պատճառեց Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Սպիտակ, Լենինական (այժմ՝ Գյումրի), Կիրովական (այժմ՝ Վանաձոր), Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում:
Երկրաշարժը, պաշտոնական տվյալներով, խլեց 25 հազար կյանք, հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Նյութական կորուստները գնահատվում են շուրջ 10 միլիարդ դոլար։
36 տարի անց էլ աղետի գոտին դեռ ամբողջովին վերականգնված չէ, ժամանակավոր կացարաններում շուրջ 6 հազար ընտանիք է դեռ ապրում, նրանցից 2 հազար 800-ը՝ Գյումրիում, ոմանք՝ երկրաշարժին տուն կորցրած ու փոխհատուցում չստացած:
2022-ի տարեվերջին Կառավարությունը հայտարարեց, որ ծրագրում է մինչև 2027 թվականը 88-ի երկրաշարժի գոտին ազատել տնակներից։ Սա աղետի գոտին վերականգնելու արդեն 5-րդ պետական ծրագիրն է: Իրականացված չորս ծրագրերով խնդիրը հիմնովին չի լուծվել. ավելի քան երեք տասնամյակ անց էլ մի շարք համայնքներում տնակային ավաններ կան։
Աղետի գոտում այսօր մի շարք միջոցառումներ են նախատեսվում, մասնավորապես Գյումրիում Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի մասնակցությամբ վերաօծվելու է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Վերաօծման առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը, որը հավատացյալների երկրպագության համար եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։
150 տարի առաջ կառուցված եկեղեցին Անիի Մայր տաճարի կրկնօրինակն է, երկրաշարժի ժամանակ էր խոնարհվել:
Այսօր սպասվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունը 88-ի երկրաշարժի գոտի: