Ավելի քան 700 հազար դոլար՝ փրկարարների փոխարեն ոստիկաններին

Փրկարարների փոխարեն ոստիկաններին. վարչապետ Փաշինյանի կաբինետը փրկարար ծառայության համար նախատեսված ավելի քան 700 հազար դոլարը վերցրել ու ոստիկանությանն է տվել։

Չզեկուցվող ընթացակարգով որոշումը կայացրել են օգոստոսի 1-ի կառավարության նիստում, եզրահանգել են, որ այդ փողի կարիքը պարեկային ծառայությունն ավելի շատ ունի՝ հասարակական կարգի պահպանության, անվտանգության ապահովման, նոր շների ու նոր տեխնիկայի համար։

Գործադիրը մեկ հիմնավորում է բերել՝ այս գումարը պետք է, որ մայրաքաղաքի ու մարզերի պարեկային ծառայություններն արդյունավետ գործեն։

«Սա առաջին դեպքը չի, բայց սա այնքան ցցուն օրինակ է, երբ որ մենք տեսնելով հասկանում ենք, որ այս մարդկանց համար մարդը, բնակչությունը ստորադասվել է իշխող քաղաքական ուժի անվտանգությունից», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը մի նպատակ է տեսնում՝ ուժեղացնել իշխանությանը պաշտպանող ու ծառայող ոստիկանությանը, որը հանրահավաքների ժամանակ զբաղված է ընդդիմադիրներին ճնշելով, բռնության ենթարկելով։

«Շուրջ 700-800 հազար դոլարին համարժեք դրամ դու հանում ես մարդու կյանքին անմիջականորեն նպաստող, նրա անվտանգությունն ապահովող ծառայություններից, տեղափոխում ես մի ինչ-որ քաղաքական խմբի շահերի սպասարկման դաշտ», - ընդգծեց պատգամավորը:

Մինասյանն ամիսներ առաջ անձամբ էր ականատես եղել փրկարար ծառայության խնդիրներին, երբ հրդեհվել էր մայրաքաղաքի նորակառույց շենքում գտնվող որդու բնակարանը։ Փրկարարների աստիճանը 9-րդ հարկից վերև չէր բարձրացել ու այդպես էլ չէր կարողացել հասնել 16-րդ հարկի պատշգամբ, որտեղ կրակից ու ծխից որդու ընտանիքն էր պատսպարվել։

«Տեխնիկական զինվածության բացակայության պատճառով ստիպված շատ հին տեխնոլոգիաներ էին կիրառում ավարտված պարզ բնակարանային հրդեհներով, երբ որ նույնիսկ 9 հարկից ավելի բարձրացող սանդուղքով մեքենաներ չունեն, որ փրկարար ծառայությունն արագ միջոցառում իրականացնի, էլ չասաց էն ռետին խողովակները, որով պետք է ջուր հասցնեն: Բազմաթիվ հակահրդեհային միջոցառումների ժամանակ մենք տեսել ենք, որ ռետինե խողովակներն ուղղակի ծակ են», - նշեց նա:

Հարևաններից մեկը, անանուն մնալու պայմանով, պատմեց, որ հրդեհաշիջման աշտարակն այդպես էլ իր նպատակին չէր ծառայել, և մարդկանց տարհանել էին փոքր-ինչ ուշ՝ իջեցնելով աստիճաններով, բարեբախտաբար, տուժածներ չկային։

«Այնտեղ պատշգամբում երեխաներ կային, իմ պատկերացմամբ, եթե այդ բնակարանը պատշգամբ չունենար ու երեխաները հնարավորություն չունենային դուրս գալ այնտեղ, կարող էր ավելի վատ իրավիճակ լինել: Առնվազն մի քանի հարկ ներքև էր աշտարակն ու այնտեղ խոսում էին, որ սա առավելագույն բացվածքն է», - ներկայացրեց բնակիչը:

«Ինչպե՞ս փրկել բարձրահարկերի բնակիչներին, եթե տեխնիկական հնարավորությունները սուղ են»

Բնակիչը բարձրաձայնում է շատերի մտահոգությունը՝ նման դեպքերում ինչպե՞ս փրկել բարձրահարկերի բնակիչներին, եթե տեխնիկական հնարավորությունները սուղ են։

«Էս պարագայում քաղաքացու մոտ անհանգստություն կա՝ արդյոք հրդեհի դեպքում ԱԻՆ-ը ունի՞ տեխնիկական միջոցներ, օրինակ, այդ աշտարակը բացել մինչև 17, 18 հարկ և հրդեհից փրկել մարդանց: Կարող է այնպիսի հրդեհային իրավիճակ լինել, որ շքամուտքով ֆիզիկապես կամ տեխնիկապես հնարավոր չլինի հասնել բնակարանի դռանը, դուռը բացել կամ կոտրել ու ներսի մարդկանց կյանքը փրկել»:

Մինչ կառավարությունը կարծում է, որ փրկարարներին այդ 700 հազար դոլարը պետք չէ, հրդեհի ականատեսի եզրակացությունն այլ է. «Շատ մտահոգիչ իրավիճակ է, եթե քաղաքային իշխանությունները կամ երկրի ղեկավարությունը թույլատրում է 15, 16 և ավելի բարձր հարկերով բազմաբնակարան շենքերի կառուցում, ապա դրան համապատասխան պետք է ԱԻՆ ծառայությանն ապահովել համապատասխան տեխնիկական միջոցներով, որպեսզի հնարավոր լինի մարդկային կյանքեր փրկել»:

Չթերագնահատելով փրկարարների ջանքերը՝ ընդդիմադիր պատգամավորն, իր հերթին, հիշեցնում է գարնանը Լոռու և Տավուշի ջրհեղեղը, տարիներ առաջ էլ Խոսրովի անտառի հրդեհը, հաճախակի տեղի ունեցող պատահարներն ու պնդում՝ այս ոլորտն ունի նորագույն տեխնիկայի կարիք, և ցանկացած գումար այստեղ ծախսելը կարող է կյանքեր փրկել։

Պաշտոնական փաստաթղթերում երևում է, որ որոշումը կայացնելուց առաջ Ֆինանսների նախարարությունն էր հարց բարձրացրել՝ արդյոք չի՞ խաթարվի փրկարարների աշխատանքը, գործադիրից հանգստացրել են՝ պետական բյուջեից հավելյալ գումար տրամադրելու կարիք չի լինի։

Ե՛վ փրկարար ծառայությունը, և՛ ոստիկանությունը գործում են Ներքին գործերի նախարարության կազմում: Գերատեսչությունից «Ազատությանը» հայտնեցին, թե գումարը տնօրինում է նույն նախարարությունը, հետևաբար իրենք այստեղ խախտում չեն տեսնում։ Իսկ թե ի՞նչ կարիքներ ունի փրկարար ծառայությունը, ՆԳՆ-ից առաջարկեցին գրավոր հարցումով պարզել։