Լոռու մարզի Աթան գյուղը Գողտրիկ չի դառնա, Չկալովը՝ Մոշուտ։ Թումանյանի ավագանին մերժեց 280 և 140 բնակիչ ունեցող այս փոքրիկ գյուղերն անվանափոխելու մասնագիտական հանձնաժողովի առաջարկը։
Թումանյանի համայնքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված նիստի տեսագրությունից երևում է, որ քննարկմանը թե՛ Թումանյանի համայնքապետը, թե՛ ավագանու անդամները, թե՛ վարչական ղեկավարները հեգնում են գյուղական այս բնակավայրերի Գողտրիկ ու Մոշուտ տարբերակները՝ հայտարարելով, թե գյուղերի ողջ բնակչությունն է դեմ սրան։
Դեռ 20 տարի առաջ Աթանի անունը փոխելու մի չհաջողված փորձ էլ է եղել։ Գյուղացիներն էլի դեմ են կանգնել, հիմնավորել, որ գյուղը Աթանես վարդապետի անունով է Աթան կոչվել, ու որ անվանումն ամենևին էլ օտարածին չէ։ 20 տարի առաջ համոզվել են, բայց թե ինչո՞ւ նորից հարցը գյուղ են հասցրել, չեն կռահում, ասում է գյուղի դպրոցի 34 տարվա տնօրեն Արամ Մարուքյանը, որ ներկա էր նաև ավագանու նիստին։
«Ինչ-որ առաջարկում են Գողտրիկ, որն ընդամենը մի մակդիր է էլի, բնորոշող բան չունի: Ժողովրդի մեջ մտած է Աթան անունը, որը թուրքալեզու չի, ի՞նչ կարիք կա անընդհատ հիշեցնելու», - ասաց Արամ Մարուքյանը:
Մինչդեռ Աթանի անունը փոխելու իր առաջարկը կադաստրին կից մասնագիտական հանձնաժողովը հիմնավորել է, թե Գողտրիկ անվանումը «հազվագյուտ է և լիովին համապատասխանում է ինչպես գյուղի աշխարհագրական դիրքին, այնպես էլ նրա վերաբնակեցման հանգամանքներին»։ Նշել էին, թե Հաղպատում իրենց կալվածքները լքած գյուղացիներն են եկել, գտել այս գողտրիկ լեռնային տարածքն ու գյուղ հիմնել։ Մինչդեռ տեղացիներն այլ վարկածներ են պատմում՝ Աթանես վարդապետի հետ կապված։
Աթանը Թումանյանի ամենահեռավոր գյուղերից է։ Տասնամյակներ շարունակ անանցանելի ճանապարհ ուներ։ Միայն անցած տարի Աթանի ու հարևան գյուղերի ճանապարհները նորոգվեցին։ Այս կարևոր խնդիրը լուծվեց, բայց միևնույնն է՝ տարիներ շարունակ դատարկված գյուղում բազմաթիվ կենսական խնդիրներ են նշում, իրենց համար անկարևոր անվանափոխության հարցը ավագանի բերելը՝ անհարկի համարում։
Դպրոցի երկարամյա տնօրեն Արամ Մարուքյանն ասում է՝ որևէ մեկի մտքով այդպես էլ չի անցնում՝ ավելի քան 1700 մետր բարձրությամբ գյուղին լեռնայինի կարգավիճակ տալ։ Գուցե դրանով արտոնություններ շնորհեին, գյուղը շահեր։
«Էնքան կարևոր հարցեր ունենք՝ գյուղին օժանդակելու, շատ խնդիրներ թողած էսօր անվանափոխության պոչից բռնենք», - նշեց նա:
Մոտ 100 տարի առաջ Խորհրդային Միության հերոս, օդաչու Վալերի Չկալովի պատվին անվանակոչված Չկալով գյուղն էլ, թեև ոչ հայկական անուն ունի, բայց էլի գյուղացիներն անվանափոխությանը դեմ են, գյուղի անունն՝ իրենց հարազատ։
Վաղը Ալավերդու ավագանին էլ կքննարկի Ախթալան՝ Պղնձավան, Ջիլիզան Խորակերտ անվանափոխելու հարցը։
Նիստի օրակարգում հարցն այսպես է ձևակերպված՝ համաձայնություն չտալ գյուղերն անվանափոխելուն։ Ենթադրվում է, որ այն միաձայն կմերժվի։
Հանձնաժողովն առաջարկել է նաև անվանափոխել Լոռի բերդ համայնքի մեջ մտնող Յաղդան՝ նախկին հունաբնակ գյուղը։ Հարցին դեռ ավագանին չի անդրադարձել։