Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոնում հանդիպել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։
Հադիպումից հետո Հաջիևն X-ում գրառում է կատարել՝ նախ նշելով, որ բովանդակալից հանդիպում է ունեցել Սալիվանի հետ, ապա շեշտել, որ վերանայել են երկկու երկրների միջև երկկողմ համագործակցությունը և հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։
Հաջիևն ու Սալիվանը քննարկել են նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ, մտքեր փոխանակել տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Անցյալ ամիս Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները ներկայացնող ավելի քան երկու տասնյակ ամերիկացի կոնգրեսականներ պաշտոնական շրջանառության մեջ են դրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների և ուժայինների դեմ՝ մարդու իրավունքների շարունակական խախտումների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հանցագործությունների համար։ Հենց այս ֆոնին Հաջիևը երեկ ժամանել է Վաշինգտոն, հանդիպել ամերիկացի պաշտոնյաների հետ։
Ալիևի օգնականն արդեն հանդիպել է պետքարտուղարի օգնականի տեղակալների՝ Ջոն Բասսի և Յուրի Քիմի, ինչպես նաև պետքարտուղարի՝ մարդու իրավունքների գծով օգնական Ռոբերտ Ջիլքրիստի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոն է այցելել և հանդիպել ամերիկացի պաշտոնյաների հետ