Աստանայում քննարկվել են ՀԱՊԿ տարածաշրջանում իրավիճակն ու համակարգի հետագա զարգացումը

ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները

Աստանայում այսօր տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստն՝ առանց Հայաստանի մասնակցության։

Միջոցառմանը ներկա են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

Ըստ ՀԱՊԿ պաշտոնական կայքէջի՝ քննարկվել են ՀԱՊԿ տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի, համագործակցության արդյունքների ու համակարգի հետագա զարգացման հարցեր։ Հաստատվել են խորհրդի քննարկմանը ներկայացված մի շարք փաստաթղթեր, ընդունվել են որոշումներ՝ «ուղղված դաշնակցային կապերի հետագա ամրապնդմանը ու Հավաքական ուժերի զարգացմանը»։

Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ կոմիտեի նիստին

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուշակով․ «Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ առաջիկա հավաքին»