21-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։
Սա Փանահիի առաջին փառատոնային այցն է 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո, և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրան»-ը Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին, հաղորդում է փառատոնի ֆեյսուքյան էջը։
Փանահին եզակի ռեժիսորներից է, որ արժանացել է թե՛ Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, թե՛ Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ին, թե՛ Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ին, թե՛ անգամ Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ»-ին՝ լավագույն դեբյուտի համար։
Կինոյի տան մեծ էկրանին այսօր կցուցադրվի Փանահիի «Խաղից դուրս» ֆիլմը (Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ»), որին բանտարկությունների և տնային կալանքների 15 տարիներից հետո ներկա կլինի վարպետը։
Ֆիլմը կներկայացնի կինոքննադատ Անտոն Դոլինը, ով հեղինակել է Փանահիի արվեստի մասին «Անհնազանդության ակտ» գիրքը։
«Ոսկե ծիրան» փառատոնը մեկնարկել է հուլիսի 7-ին և կտևի մինչև հուլիսի 14-ը։ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է նաև թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փարաջանովյան թալեր»՝ Ատոմ Էգոյանին, Քևին Սփեյսիին. Երևանում բացվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը