Արզումանյան 10-ի բնակիչները՝ փլուզման վտանգի տակ. պայմանագրեր չստորագրողները կասեցնում են տարհանման գործընթացը

Երևանի Արզումանյան 10 շենքի առաջին մուտքում վերջին փլուզումը 10 օրն առաջ է եղել։ Փրկարար ծառայությունը եկել, արձանագրել է՝ բնակարանների պատերին ճաքեր կան, փլուզման վտանգ կա:

«Քարերը քիչ-քիչ ընկնում են։ Փլուզումը ոչ թե դրսում է տեղի ունենում, այլ հենց բնակարանի մեջ, ուղիղ իջնելու եմ հարևանի տուն», - «Ազատության» հետ զրույցում դժգոհեց բնակիչներից Զարուհի Առաքելյանը։

Ապրելու համար վտանգավոր շինությունները կառավարության որոշմամբ քանդվելու են, ու տեղում մասնավոր բազմահարկ է կառուցելու: Վթարայինում ապրած ընտանիքներին նոր բնակարան է տրամադրվելու, մինչև շենքի կառուցումը վարձավճարներն են տալու: Սակայն թե սա երբ կլինի, առայժմ անորոշ է։ Հենց փլուզվող մուտքի երկու բնակարան քաղաքային իշխանության հետ պայմանագիր չի կնքում, իսկ բոլորի հետ պայմանագիր կնքերը պարտադիր պահանջ է:

«Ընդհանուր ունենք 76 միավոր գույք, որից կնքել ենք 59 պայմանագրեր վերջին 6-7 ամիսների ընթացքում, թվով 17 միավոր գույքերի առնչությամբ դատական վարույթներ են նախաձեռնվել, որովհետև բնակիչների ներկայացրած պահանջները բավարարման ենթակա չեն», - ասաց Երևանի ԿՆ ԾԻԳ-ի համայնքային ծրագրերի ղեկավար Շողիկ Երանյանը։

Պատրաստի բնակարան հենց հիմա, փոխհատուցում ավտոնակների համար, սա պայմանագիր չստորագրողների պահանջն է, 17-ի գործն էլ դատարանում է:

Վթարային շենքի բնակիչները գիտեն՝ խնդիր առաջացնում են պայմանագիրը չստորագրած իրենց հարևանները, ներկա պահին նրանց պահանջը մեկն է՝ մինչ դատական գործերի ավարտն իրենց տարհանեն՝ վախենում են, շենք ամեն օր է փլուզվում, առաստաղն ու հիմնական պատերն անջատվել են, հաճախ լույս ու ջուր էլ չունեն:

«Ոչ մի հարց չի լուծվում, մի շաբաթ էլ պիտի սպասեք, մի ամիս սպասեք, արդեն 6 տարի շարունակ այս նույն պրոցեսը գնում է», - նշեց բնակիչներից Գևորգ Վարդանյանը։

Շողիկ Երանյանն արձագանքում է. - «Ըստ կառավարության 2023 թ.-ին հաստատած ծրագրի՝ նախատեսվում է, որ բնակիչներին պետք է տարհանենք մինչև վերջին բնակչի հետ պայմանագիրրը կնքնելուց հետո»:

Մայրաքաղաքում, ըստ վերջին տվյալների, 110 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենքեր կան, ուսումնասիրություններն արվել են 2008 -2018 թվականներին, այսինքն՝ չի բացառվում, որ այդ շենքերում բնակվելը ներկայում առավել վտանագավոր է: Քաղաքային իշխանության ներկայացուցիչը նշեց, որ այժմ օրենսդրական նոր փաթեթ է մշակվում, որի հիմքում պետք է դրվի Արզումանյան 10, 17 շենքերի փորձը: Հիմնական խնդիրը Հալաբյանի տարածքում է, քանի որ ԽՍՀՄ տարիներին այս շենքերը ժամանակավոր բնակության համար էին նախատեսվել: