Իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի բողոքի հիման վրա։
Գործը հարուցվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։
Ընդդիմադիր պատգամավորն անցած շաբաթ բերման էր ենթարկվել Երևան-Սևան մայրուղուց, երբ աջակցում էր Տավուշում սահմանազատման դեմ փողոցներ փակող քաղաքացիներին։
Խաչատրյանը պատմել էր՝ երբ փորձել է հարց տալ քաղաքացիական հագուստով տարածքում գտնվող ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանին, իրեն բռնի ուժով մտցրել էին ավտոմեքենան ու տարել Հրազդանի ոստիկանություն։
Դավթյանը քաղաքացիական հագուստով էր ու առանց ներկայանալու էր հրահանգներ տալիս, դիմումում գրել է ընդդիմադիր պատգամավորը։
Ինքը՝ մարզային վարչության պետը, դեպքից հետո որևէ կերպ չի մեկնաբանել իր գործողությունները, ՆԳՆ-ն ծառայողական քննություն էր նշանակել՝ պարզելու դեպքի հանգամանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատգամավորը, լրագրողներն ու քաղաքացիները ահազանգում են ոստիկանների բռնությունների մասին