Բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո արցախցի Տիգրան Ուլուբաբյանին Քննչական կոմիտե, հետո նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչություն են կանչել, հարցաքննել՝ մեղադրելով նրան, թե կապ ունի ենթադրյալ հանցագործների հետ: Տիգրանը պատմում է՝ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ:
29-ամյա երիտասարդը Արցախից 23 թվականին է տեղահանվել: Եղբայրը զոհվել է 2017-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով: Ծնողների գերեզմանները Մարտունիում է թողել ու Հայաստան եկել իր շան՝ Պինկիի հետ: Վարձով բնակվում է Վանաձորի նույն թաղամասում, ուր երեք օր առաջ տեղի է ունեցել զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու գողության դեպքը: Տիգրանն ասում է՝ ոստիկանները հենց իր միայնակ ապրելու փաստն են շահարկել ու փորձել օգտագործել իրենից խոստովանական ցուցմունք կորզելու համար:
«Իրանք են էսօր բեսպրիդելություն սարքում էս քաղաքում, մեր բարեկամների տուն մտել են ռազբոյ արել, իրանք էլ իմ վրա են ռազբոյ անում: Ոստիկանության աշխատողը գալիս ա անհիմն, առանց թուղթ, առանց բան, գիտեի, որ մենակ տղա եմ, առաջին օրը հարցաքննել ա, ասել եմ՝ մենակ եմ ապրում, ասել ա՝ էդ ա էլի, տանենք տփենք, գլխին սարքենք, պրիզնատ գա, գործը փակենք գնա», - ասաց Տիգրան Ուլուբաբյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ոստիկանության Լոռու վարչությունում խոշտանգման դեպքով քրեական գործ է հարուցվելՔննչական կոմիտեից «Ազատությանն» ասացին, որ Տիգրանի բարեկամի բնակարան ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել հանցավոր կազմակերպության կողմից զենքի գործադրմամբ ավազակային հարձակման հոդվածով: Սակայն դեռ կասկածյալներ չկան: Իսկ արցախցի երիտասարդի նկատմամբ Ոստիկանությունում տեղի ունեցած գործողությունների համար դեռ վարույթ չկա: Քննչական կոմիտեից ասացին՝ դեռ այդ մասին հաղորդում չեն ստացել, չնայած լրատվամիջոցներում արդեն բազմաթիվ հրապարակումներ կան այս մասին:
Իսկ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ծառայողական վարույթ են հարուցել, կքննեն ոստիկանությունում տեղի ունեցածը:
Մեկուկես ամիս առաջ Քննչականը ոստիկանության նույն այս վարչությունում խոշտանգման միջոցով ցուցմունք կորզելու մեկ այլ դեպքով քրեական վարույթ էր հարուցել: Մինչ օրս որևէ տեղաշարժ չկա: