Ռազմական դրության դեպքում ընտրությունների կասեցման հնարավորությունը՝ քննադատության տակ

Ընտրություններ Հայաստանում, արխիվ

ԿԸՀ նախագահի մեկնաբանությունը

Եթե ընտրությունների ընթացքում երկրում ռազմական դրություն կամ արտակարգ իրավիճակ է հայտարարվում, կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծն ի՞նչ է ենթադրում՝ ընտրությունների կասեցո՞ւմ, չեղարկո՞ւմ...

«Չէ, չէ, նման բան չկա։ Գործող օրենքն ունի բաց այն իմաստով, որ երբ օրինակ՝ ընտրությունները նշանակվում են, ինչ-որ փուլ է անցնում, ու ռազմական դրություն է հայտարարվում կամ արտակարգ դրություն, այդ պահին ընտրությունները կանգնում են, բայց հետո ինչ է տեղի ունենում՝ ներկայիս գործողում չկա։ Ու այս նոր կարգավորումը վերաբերում է դրան», - պարզաբանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Ի՞նչ են ասում քննադատները

Չնայած վերջինիս բացատրություններին, 10 օր առաջ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը միանշանակ չի ընդունվում։

Դեռ խորհրդարանական քննարկումների ժամանակ ընդդիմությունը մտահոգություն հնչեցրեց, թե այսպիսով իշխանությունները հնարավորություն են ստեղծում չեղարկել և նոր ընտրություն նշանակել քվեարկության նախնական արդյունքների պահին, եթե սպասված արդյունքներից գոհ չլինեն։ Օրերս էլ օրինագիծը դատապարտող հայտարարություն է տարածել արտախորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ պահանջելով զերծ մնալ «հակաժողովրդավարական քայլից»:

«Ինչպես բազմիցս քննադատված կայուն մեծամասնության դրույթից չհրաժարվելը, այնպես էլ այս փոփոխությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիտարկում է նեղ իշխանական շահերից բխող, ինչը կարող է հակաժողովրդավարական գործիք հանդիսանալ թե՜ գործող, թե՛ ապագա իշխանությունների ձեռքին՝ ստացված անցանկալի ընտրական արդյունքները, այն է ժողովրդի կամքը զրոյացնելու համար»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշված է. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ ՏԻՄ ընտրությունների նշանակվելուց հետո մինչև թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկիզբը, նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչև ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված։ Սրանից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում և անցկացում..».:

Օրինագծի քննադատները պնդում են՝ երբ արդեն հայտնի լինեն ընտրության նախնական արդյունքները, կառավարությունը, սուբյեկտիվ ընկալումներից ելնելով, կարող է հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, որը կզրոյացնի ընտրության արդյունքները։

Շատ ավելի հեշտ գործիքներ կան՝ ոչ ցանկալի արդյունքները չեղարկելու. փորձագետ

Այս մտահոգությունը, սակայն, չափազանցված է համարում ընտրական փորձագետ Վարդինե Գրիգորյանը. - «Շատ ավելի շատ հեշտ գործիքներ կան՝ ոչ ցանկալի արդյունքները չեղարկելու, փոխելու, նոր ընտրությունների գնալու և այլն։ Եթե գտնվում ենք մի իրավիճակում, որ մի ընտրությունների արդյունքները փոխելու համար արտակարգ կամ ռազմական դրություն մտցնելու պատրաստակամություն կա, ինձ թվում է՝ այդտեղ նաև պատրաստակամություն կլինի ուղղակի կեղծել ընտրությունները»։

Փորձագետը փոխարենը շատ կարևորում է, որ կոնկրետ քննարկումներ ընթանան հավանական սցենարների շուրջ։ Որպես օրինակ հիշում է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած Մարտի 1-ի արյունալի դեպքերը ու արձանագրում, թե ինչ եղավ հետո։

«Դրանից հետո իշխանությունը շարունակում է իշխել այնպես, ինչպես որ էր, չնայած որ երկրում բավականին մեծ իրավիճակ է փոխվել։ Նման տեսակի ցնցումներից հետո, իրոք, իշխանությունն ուն լեգիտիմության և այլն ապացուցման հարց, այսինքն՝ դրանից հետո ընտրությունների նշանակումը կլիներ լեգիտիմ հիմնավորում՝ մարդիկ դժգոհ են ընտրությունների արդյունքներից, ոնց եղել է 2008թ.։ Ահա կա լեգիտիմ կասկած ու վստահություն, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, կան բախումներ և այլն։ Դրանից հետո ճնշել այդ շարժումները և ասել՝ գնացեք տներով, ամեն ինչ որոշված է, մյուս կողմն էլ կա», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց նա։

Գրիգորյանը կարծում է, որ օրինագծում պետք է հստակություն լինի՝ արդյոք արտակարգ կամ ռազմական դրությունից հետո հայտարարված ընտրություններում նախորդին մասնակցած ուժերին պետք է իրավունք տրվի դարձյալ մասնակցել դրանց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավիճակ է փոխվել։

«Մենք, իրոք, չգիտենք՝ ինչպիսի Հայաստան կամ ինչպիսի համայնք կլինի նման դեպքերից հետո, եթե Աստված ոչ անի՝ դրանք նորից տեղի ունենան», - նկատեց Վարդինե Գրիգորյանը։

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն էր առաջին ընթերցմամբ նախագիծը ներկայացրել խորհրդարանում։ Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը չէր բացառել, որ նախագիծը բարելավման կարիք ունի, և հայտնել, որ ձևավորված աշխատանքային խումբը մինչև երկրորդ ընթերցում կքննարկի մտահոգությունները։