Արշակ Կարապետյանը Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՆԳՆ

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29- ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մոսկվայի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել, «Ազատությանը» հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 5-ից ոստիկանության կողմից հետախուզվում է հետևյալ մեղադրանքներով՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի):

Նրա խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:

Արշակ Կարապետյանի նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում:

Նախկին նախարարը գարնանը կուսակցություն է ստեղծել՝ իշխանություններին հեռացնելու օրակարգով, որի համագումարին մասնակցել էր Ռուսաստանից։ Վարչապետի և Կարապետյանի միջև այդ ժամանակ հեռակա բանավեճը նոր զարգացումներով էր շարունակվել, միմյանց փոխադարձ մեղադրանքներ ու զգուշացումներ էին արել։ Փաշինյանը հայտարարել էր, թե 2021-ի նոյեմբերի 15-ին Արշակ Կարապետյանին ազատել է պաշտպանության նախարարի պաշտոնից, քանի որ նա դրա նախորդ օրն իրեն չի զեկուցել, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք։ Կարապետյանը սուտ էր որակել այդ պնդումները։

Արշակ Կարապետյանը 2018-ի հեղափոխությունից հետո շուրջ 3 տարի վարչապետի խորհրդականն էր, ապա 2021-ին շուրջ ամիս ղեկավարեց ռազմական գերատեսչությունը։ Նա իր նախկին ղեկավարին մեղադրել էր դավաճանության մեջ՝ պնդելով, թե դա հանգեցրեց Արցախի պաշտպանության բանակի ոչնչացմանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արշակ Կարապետյանի նորաստեղծ կուսակցությունը հայտարարում է՝ օրակարգում իշխանություններին հեռացնելն է