Երևանում ու Թբիլիսիում գործող հայալեզու «Ալիք մեդիա» լրատվամիջոցի հիմնադիր Արսեն Խառատյանին արդեն երկրորդ անգամ թույլ չեն տվել մտնել Վրաստան առանց բացատրության: Այսօր վաղ առավոտյան նա Լյուքսեմբուրգից Թբիլիսի էր վերադառնում։
Եթե նախորդ շաբաթ սահմանապահները նրան 2 ժամ օդանավակայանում պահելուց հետո ի վերջո թույլ են տվել Վրաստան մտնել, ապա այսօր 4 ժամ պահելուց հետո Խառատյանին հետ են ուղարկել Եվրոպա այդ պահին հենց առաջին՝ Ստամբուլի չվերթով: Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդականի պնդմամբ՝ Վրաստանից իրեն արտաքսելը քաղաքական դրդապատճառ ունի: Նա սլաքներն ուղղում է դեպի Ռուսաստան, բուն իրադարձությունները կապում Վրաստանում սպասվելիք ընտրությունների հետ։
«Հոկտեմբերի 26-ի ընտրություններն առջևում են, վստահ եմ, որ շատ տարբեր տիպի մարդիկ կան, որոնք կարան անցանկալի լինեն։ Ես հաստատ ամենաանհայտ մարդկանցից չեմ Վրաստանում, գոնե հայալեզու մեդիայի տարածքում, բայց ոչ միայն։ Ես ենթադրում եմ, որ կամ ռուսական գծից, առավելապես ռուսական կողմից գուցե, բայց նաև հենց վրացական ներքին տրամաբանությամբ իմ տիպի մարդկանց, որոնք համարվում են արևմտյան արժեքների կամ ժողովրդավարության տարածքի մարդիկ, նրանց ակտիվ գործունեությունը հնարավորինս նվազեցվի», - ասաց նա։
Մուտքի արգելքի մասին պարզաբանումներ ստանալու համար «Ազատության» վրացական ծառայությունը դիմել է Վրաստանի ներքին գործերի նախարարություն, բայց դեռ պաշտոնական պատասխան չկա: Վրաց սահմանապահները նրան երկու անգամ էլ նույն թուղթն են տրամադրել՝ արգելքի նույն հիմնավորումներով: Ըստ «Ազատության» վրացական ծառայության՝ մի շարք այլ օտարերկրացի լրագրողների ու ակտիվիստների մուտքը Վրաստան կրկին այդ նույն հոդվածով է արգելվել։
«Ստանդարտ թուղթ է, որտեղ մարդու մուլքի արգելքի պարագայում տեղեր կան, գալոչկաներ են դնում։ Հիմա իմի գալոչկան other reasons` այլ պատճառներ, որը, բնականաբար, այս պարագայում և ընդհանրապես շատ երկրների պարագայում նաև իրավունք ունեն քեզ չբացատրել», - նշեց Արսեն Խառատյանը։
Բազմահազարանոց բողոքի ակցիաներից հետո այս տարվա հունիսին Վրաստանի իշխանություններն, այդուհանդերձ, ընդունեցին «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։ Այն կազմակերպությունները, որոնք դրսից ֆինանսավորում են ստանում, ըստ այս օրենքի՝ պարտավոր են հատուկ պորտալում գրանցվել, հակառակ դեպքում կտուգանվեն մոտ 10 հազար դոլարով: Օրենքի ընդունումից հետո Վրաստանի անդամակցության գործընթացը ԵՄ-ին կասեցվեց: Երեկ էլ Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների մասին ԱՄՆ-ն հայտարարեց՝ օրենքի դեմ խաղաղ հավաքների ազատությունը կոպտորեն ոտնահարելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբՎրացի ընդդիմադիր գործիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Աննա Դոլիձեն, որը վաղ առավոտյան օդանավայական էր մեկնել միջադեպի մանրամասներին ծանոթանալու համար, ուղիղ եթերում քննադատել է իշխող ուժին. - «Սա «Վրացական երազանք»-ի որդեգրած գծի շարունակությունն է՝ հաճոյանալ Ռուսաստանին և հետապնդել Վրաստանում ժողովրդավարության պահապաններին»։
Արդյոք «օտարերկրյա գործակալների» մասին վրացական օրենքը որևէ կապ ունի Խառատյանի մուտքի արգելքի հետ՝ պարզ չէ։ Այն, համենայն դեպս, արդեն գործում է։
Ինքը՝ Խառատյանը միջադեպից հետո Ֆեյսբուքում գրել է. «Խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող «Վրացական երազանք»-ը կարծես թե չի մտածում նոր ընկերներ ձեռք բերելու մասին, այլ նման գործողություններով նոր թշնամիներ է ձեռք բերում։ Ես կվերադառնամ Վրաստան, և դա կլինի շատ շուտով։ Ոչ մի կերպ աշխարհում որևէ ուժ չի կարող Վրաստանը դարձնել Բելառուսի նման երկիր, Վրաստանի ժողովուրդը պարզապես չափազանց հասուն և ուժեղ է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում 476 կազմակերպություն դիմել է «օտարերկրյա գործակալ» գրանցվելու համարԱյս հունիսին էլ Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի մուտքն էր արգելվել Վրաստան։ Նա «Ազատությանն» ասաց՝ որպես հիմնավորում ցամաքային սահմանին մի փաստաթուղթ են տվել, որտեղ նշված է, թե իր ներկայացրած փաստաթղթերը հիմք չեն հանդիսանում նրան Վրաստան թողնելու համար։ Խզմալյանը, սակայն, պնդում է, ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել, անձնագրից բացի։