Իսրայելում պատերազմի ֆոնին Երուսաղեմի հայերը պայքարի մեջ են մտնում Սուրբ հողի համար

Իսրայելցի ոստիկանները Երուսաղեմի Կովերի պարտեզում զրուցում են հայ հոգևորականի հետ

Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Գազայի հատվածում իսրայելցիների և պաղեստինցիների ճակատագրի վրա, մոտակա Երուսաղեմում էթնիկ հայերը պայքարում են իրենց հողը պահելու համար՝ ահագնացող ահաբեկման պայմաններում:

XANA Capital-ին առնչություն ունեցող անձինք (ձախում) խոսում են Երուսաղեմի հայ քահանաներից մեկի հետ: Մի քանի ընդհարում է տեղի ունեցել պայմանագիրը չեղարկելու մտադրության մասին Պատրիարքարանի հայտարարությունից հետո:

Նոյեմբերի 5-ի ցերեկը հրեական կիպա կրող՝ ինքնաձիգներով զինված մի քանի տղամարդ մուտք են գործել Երուսաղեմի Հայկական թաղամասի՝ որպես Կովերի պարտեզ հայտնի հատված: Նրանցից երկուսը թոկից բռնած պահում էին հաչացող շներին, մինչ մյուսները բախվում էին վերջերս մի պատ քանդած և գետնի ասֆալտը պոկած հողափոր տեխնիկայի մուտքը խոչընդոտելու համար հավաքված հայերի հետ:

Անկախ լրագրողի նկարահանած տեսանյութում զինված անձանցից մեկը հայտարարում էր, թե զենքը բերել է, քանի որ «երբ տեղում հրացանով պատասխանատու կա, բոլորը գիտեն, որ բանը բռունցքներին չի հասնի, մեկը մյուսի դեմքին չի հարվածի, բոլորը քաղաքավարի կպահեն իրենց»:

Սեդրակ Բալյանը (աջից) և Երուսաղեմի հայ համայնքի այլ անդամներ պաշտպանում են Հայկական թաղամասի վիճելի հատվածը:

Կովերի պարտեզը, որն այդ անվանումն ստացել է պատմականորեն անասունների արոտավայր լինելու պատճառով, ներկայումս օգտագործվում է որպես ավտոկայանատեղի՝ մեծավ մասամբ հայերի կողմից, ովքեր ամեն առավոտ աշխատանքի են գնում Հին քաղաքի պարիսպներից դուրս, և Երուսաղեմի պարիսպների ներսում Հայկական թաղամասի մի ընդարձակ կտոր է կազմում:

Հողատարածքը Երուսաղեմի 2 հազար հոգանոց հայ համայնքը խռոված վեճի կիզակետում է հայտնվել, երբ պարզվել է, որ Երուսաղեմի Հայկական եկեղեցին Կովերի պարտեզը և Հայկական թաղամասի որոշ այլ հատվածներ գրեթե մեկ դարով վարձակալության է հանձնել ավստրալա-իսրայելական մի ներդրողի պատկանող XANA Capital ընկերությանը:

Ըստ հաղորդումների XANA Capital-ի վարձած էքսկավատորները կայանված են Երուսաղեմի հայերի տեղադրած արգելափակոցների դիմաց:

Տեղի հայ համայնքի աղմուկի ֆոնին Երուսաղեմի Հայոց պատրիրաքարանը փորձել է չեղարկել վարձակալությունը: Նոյեմբերի 1-ին եկեղեցին հայտարարություն է հրապարակել՝ տեղեկացնելով Կովերի պարտեզի վարձակալության պայմանագրի «չեղարկման» մասին: Պարզ չէ, թե իրավական ինչ կշիռ ունի նման հայտարարությունը ստորագրված պայմանագրի կողքին: Պատրիարքարանի հայտարարության հրապարակումից քիչ անց ակներևաբար XANA Capital-ի վարձած բուլդոզերները մուտք են գործել և սկսել են քանդել հողատարածքի տարբեր հատվածներ:

Վարձակալության դեմ շարժման առաջնորդներից Սեդրակ Բալյանը խոստանում է, որ հայերի խմբերը հերթագայությամբ մնալու են վիճելի տարածքում ու ֆիզիկապես խոչընդոտելու են հետագա քանդման աշխատանքները, «մինչև Պատրիարքարանը գնա դատարան և հետ վերցնի այս հողը»:

Հայ հոգևորականը Երուսաղեմի Հայկական թաղամասում մտնում է Սրբոց Հակոբյանց վանք, հունիս, 2023թ.

XANA Capital-ի կողմից առաջարկվող կառուցապատման մանրամասները մնում են մշուշոտ, բայց շատերը վախենում են, որ դա կարող է լինել շքեղ բնակարանային համալիր՝ ավելի թանկ բնակարաններով, քան Երուսաղեմի հայերի մեծ մասը կարող են վճարել, դրանով իսկ տների վաճառքից հետո թուլացնելով հայկական վերահսկողությունը իրենց պատմական հողի նկատմամբ:

Հայկական առաջին ներկայությունը Երուսաղեմում հաստատվել է 4-րդ դարում, երբ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունած առաջին պետությունը, և սկսվեցին ուխտագնացությունները Հայաստանից Երուսաղեմ: Հայերն այդ ժամանակներից բնակվում են Սուրբ քաղաքի պարիսպների ներսում, ինչը Երուսաղեմի համայնքը դարձրել է ապրող ամենահին հայկական սփյուռքը:

Հրեա տղամարդն անցնում է Հայկական թաղամասի պանդոկի մոտով

Նոյեմբերի 18-ին Երուսաղեմում գործող եկեղեցիների առաջնորդները հայտարարությամբ են հանդես եկել ի պաշտպանություն հայ համայնքի:

«Ենթադրյալ կառուցապատողի կողմից Հայոց պատրիարքության և համայնքի դեմ ձեռնարկված անօրինական գործողությունները նպաստավոր չեն այն հանրային կարգի համար, որին ձգտում է խաղաղ և օրինապաշտ հայ համայնքը՝ Սուրբ Երկրի մեր քրիստոնյա ընտանիքի անդամը», - հայտարարել են եկեղեցիների առաջնորդները: