«Հատվածներ կան, որ չի թույլատրվում մարդ իր այգին մտնի». Կիրանցում սպասողական վիճակ է (լրացված)

Ոստիկանության աշխատակիցը հերթապահության է իրականացնում Կիրանցի հատվածում, 6-ը մայիսի, 2024թ.

Կիրանցում այսօր ևս մեծ թվով ոստիկաններ կան, մուտքերը դեպի գյուղ փակ չեն, բայց դրսից եկած մեքենաներին թույլատրում են մտնել ստուգումներից հետո միայն։ Գյուղի տարածքից որևէ բան չի երևում սահմանազատվող հատվածներում, գյուղացիներն էլ «Ազատության»-ն ասացին, որ տեղեկություններ չունեն կատարվող աշխատանքների վերաբերյալ, գյուղում սպասողական վիճակ է։

«Հիմա պարզ չի, չենք կարողանում ականատես լինեն՝ ինչ է կատարվում: Սպասում ենք հասնեն մեզ [կամրջին], որ նոր հասկանանք՝ ինչը ինչից հետո: Բերքաբերի լճի բերանը, Ոսկեպարի կողմով, հողատարծք ունենք, էդ հողատարածքից են սկսել», - նշեց գյուղապետ Կամո Շահինյանը:

Ոստիկանների ուժեղացված հսկողությանը զուգահեռ Կիրանցի մի խումբ բնակիչներ նույնպես հսկում են Խեյրիմլիի մուտքը։ Ենթադրում են, որ ամեն վայրկյան չափագրողները կարող են իրենց գյուղի տարածք մտնել։ Ասում են՝ թույլ չեն տալու աշխատանք իրականացնեն այն հատվածներում, որոնք իրենցն են դեռ խորհրդային ժամանակներից ու դրանց նկատմամբ սեփականության վկայականներ ունեն։

«Ինչ էս դեպքերը սկսվել են, ոստիկանները եկել են, հատվածներ կան, որ չի թույլատրվում մարդ իր այգին մտնի», - ասաց բնակիչներից մեկը:

Ոստիկանությունը՝ Կիրանց տանող ճանապարհին, 6-ը մայիսի, 2024թ.

Ինչպես նախորդ օրերին կրկին փակ են Կիրանցի բնակիչների հողատարածքներ տանող ճանապարհները, որոնք սահմանազատվող հատվածներում են։ Գյուղացիներն ասում են՝ գարնանամուտին վարուցանք են արել, հող մշակել, ծառեր էտել, հիմա էլ բոլորը պետք է, որ այգիներում լինեին, բայց առնվազն 20 օր դրանց չեն մոտեցել։ Մի կողմից ուժայիններն են հսկում ու մուտքը թույլտվությամբ է, մյուս կողմից՝ իրենց սեփական հող մտնելու սիրտ չունեն։ Ներդրումներից հետո դրանք կարող են անցնել Ադրբեջանին։

Գյուղապետ Կամո Շահինյանի տվյալներով՝ 57 սեփական հողակտոր կա, որոնք գյուղի կադաստրային քարտեզներով իրենցն են՝ փաստեր ունեն։ Բայց դրանք սահմանազատման քարտեզներում են նաև հայտնվել՝ որպես Ադրբեջանի նախկին տարածք։ Դատարան կդիմենք, ասում է գյուղապետը։

Դեռ սահմանազատման գործընթացի առաջին օրերին էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում, թե քննարկվող 4 գյուղերն ադրբեջանական տարածքներ են խորհրդային տարիներից և որ հայկական գյուղերի վարչատարածքներում եղած որևէ հողակտոր չի հանձնվում։

Գյուղապետի ընտանիքն էլ գարնան սկզբին 5 հա ցորեն ու գարի է ցանել այն հատվածում, որն այս պահին վիճելի չի համարվում, բայց իրեն հայտնի տվյալներով՝ սահմանազատման հետևանքով՝ կկտրվի գյուղից, այդտեղ կհասնեն, եթե նոր ճանապարհ ու կամուրջ կառուցեն։ Անցած շաբաթ կառավարությունում վարչապետի հետ հանդիպած Կամո Շահինյանը դժվար է պատկերացնում՝ ինչպե՞ս է հնարավոր հող մշակել այդ պայմաններում։

Շտապօգնության մեքենան դուրս է գալիս Խեյրիմլիից, 6-ը մայիսի, 2024թ.

Այսօր առավոտյան, ժամը 10-ի սահմաններում ոստիկանների կողմից հսկվող ադրբեջանական Խեյրիմլիի տարածքից շտապօգնության մեքենա դուրս եկավ։ Րոպեներ անց Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Շտապօգնության մեքենան, ենթադրաբար, հենց վիրավոր զինվորին էր տեղափոխում։ Գյուղացիները, սակայն, ասացին, որ պայթյունի ձայն չեն լսել, հավանաբար գյուղից շատ ավելի հեռու է տեղի ունեցել ականի պայթյունը։