Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործերը քննող Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը պատասխանատվության չի ենթարկվի․ Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ), այսօր հրապարակված որոշմամբ, մերժեց Դոլմազյանին կարգապահական պատասխանատվութան ենթարկելու արդարադատության նախարարի միջնորդությունը:
Այս վարույթը նախարար Գրիգոր Մինասյանը հարուցել էր անցած տարվա օգոստոսին Տոնոյանի՝ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո:
Դատավորն, ըստ նախարարության, այդ որոշման շրջանակում թույլ է տվել, դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, մասնավորապես, այն, որ թույլատրել է Դավիթ Տոնոյանին խորհրդարան ներկայանալ առանց ձեռնաշղթաների, նաև սահմանել է բանտ վերադառնալու ժամկետ, որից Տոնոյանն օգտվել է և տեսակցել է մորը:
ԲԴԽ-ն, քննելով, միջնորդությունը, եզրակացրել է՝ դատավորի կողմից չեն արձանագրվել այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող են գնահատվել, որպես դատավարական նորմերի խախտում:
«Ավելին՝ դատավորի որոշմամբ, կարճատև մեկնում տրամադրելիս դրա նպատակի համար ողջամիտ ժամկետ սահմանելը, ինչպես նաև ուղեկցումն առանց ձեռնաշղթայի իրականացնելու մասին նշումը չեն հակասել միջնորդության մեջ նկարագրված իրավակարգավորումներին», - խորհրդի որոշումն ընթերցեց Կարեն Անդրեասյանը՝ շարունակելով. - «Դատավորի արարքը որևէ կերպ չէր կարող և չի վարկաբեկել դատական իշխանությունը, ինչպես նաև չի նվազեցրել դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը»:
Բարձրաստիճան նախկին պաշտոնյան 2023-ի օգոստոսի 1-ին ուղիղ եթերում պատասխանեց 44-օրյա պատերազմին, սպառազինությանը, Հայաստանի պատրաստվածությանը, ԶՈՒ կառավարմանը վերաբերող հանձնաժողովականների հարցերին։
Տոնոյանը, որը ավելի քան երկու տարի կալանավորված է «անպիտան հրթիռների» գործով՝ շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար, պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին մասնակցելու հնարավորություն էր ստացել դատարանի թույլտվությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ն չի կանխատեսել, որ Թուրքիայի ԶՈւ-ն ևս ուղիղ ներգրավված կլինեն Արցախի դեմ պատերազմում. Տոնոյան