Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործերը քննող Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեց․ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը:
Այս վարույթը նախարար Գրիգոր Մինասյանը հարուցել էր անցած տարվա օգոստոսին պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո:
«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է», - հայտարարեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։
Դատավորն, ըստ նախարարության, խախտել է դատավարական իրավունքի նորմերը, մասնավորապես, թույլ է տվել Դավիթ Տոնոյանին խորհրդարան ներկայանալ առանց ձեռնաշղթաների, նաև սահմանել է բանտ վերադառնալու ժամկետ, որից նախկին նախարարն օգտվել է և տեսակցել մորը:
ԲԴԽ-ն, քննելով միջնորդությունը, եզրակացրեց՝ դատավորը, ձևակերպելով Դավիթ Տոնոյանի՝ Ազգային ժողով մեկնելու և 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պահանջները, չի արել այնպիսի գործողություններ, որոնք խորհուրդը կգնահատեր որպես դատավարական նորմերի խախտում:
«Ավելին՝ դատավորի որոշմամբ, կարճատև մեկնում տրամադրելիս դրա նպատակի համար ողջամիտ ժամկետ սահմանելը, ինչպես նաև ուղեկցումն առանց ձեռնաշղթայի իրականացնելու մասին նշումը չի հակասել միջնորդության մեջ նկարագրված վերաբերելի իրավակարգավորումների էությանը», - ասաց Անդրեասյանը։
Խորհրդի գնահատմամբ՝ դատավոր Դոլմազյանի արարքը որևէ կերպ չէր կարող և չի վարկաբեկել դատական իշխանությունը, ինչպես նաև չի նվազեցրել դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը:
Իսկ թե ինչ մեխանիզմներով է Կարեն Անդրեասյանի ղեկավարած կառույցը որոշում, թե որ դեպքում են դատավորների որոշումները փոխում հանրային ընկալումը դատական իշխանության նկատմամբ, այնքան էլ հստակ չէ: Օրինակ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած ու նույն խորհրդի որոշմամբ, պաշտոնանկ արված դատավոր Աննա Դանիբեկյանի դեպքում ԲԴԽ ղեկավարը հիշատակում էր սոցիալական ցանցերում մարդկանց քննարկումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աննա Դանիբեկյանի լիազորությունների դադարեցման պատճառը Մարտի 1-ի գործը չէ. ինչո՞ւ ԲԴԽ նախագահն այդ մասին ուղիղ չի խոսումԻրավապաշտպանը կարծում է՝ ԲԴԽ-ն այս դեպքում ճիշտ որոշում է կայացրել
Իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը կարծում է՝ ԲԴԽ-ն այս դեպքում ճիշտ որոշում է կայացրել, նշում է՝ հարուցված վարույթն ի սկզբանե խնդրահարույց էր:
«Եթե նման գործով դատավորին պատասխանատվության ենթարկեին, խիստ մտահոգություն կլիներ այն, որ հերթական վատ նախադեպն է ձևավորվում դատավորին իր ներքին համոզմունքով, օրենքի մեկնաբանության հիման վրա պատասխանատվության ենթարկելու առնչությամբ», - նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:
Փորձագետի գնահատմամբ՝ նախարարության հարուցած վարույթների որակն ընդհանուր առմամբ մտահոգիչ է: Թեև որոշ դեպքում բարձրացված խնդիրներն օբյեկտիվ են, բայց հաճախ նաև հակառակն է նկատվում, ասում է Հարությունյանը:
«Տեսնում ենք, որ բերվում են այնպիսի վարույթներ, որոնք ընդհանրապես կարգապահական պատասխանատվության շրջանակում չպետք է հասնեն նույնիսկ ԲԴԽ, որովհետև ընդհանրապես դրա շրջանակների հարց չկա», - ընդգծեց իրավապաշտպանը:
Այդպիսի մի գործով Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, անցած ամիս դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, շարունակում է փորձագետը: Այս վարույթը հարուցվել էր մի տեսանյութից հետո, որն արդեն իսկ խնդրահարույց էր: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ ԲԴԽ-ն դատավորների նկատմամբ տարբերակված մոտեցում է ցուցաբերել, երբ նույն վիճելի հիմքերի առկայության պայմաններում մի դեպքում դատավորի լիազորությունները կասեցրեց, մյուս դեպքում՝ պատասխանատվության որևէ տարբերակ, անգամ նկատողություն չկիրառեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավորի լիազորությունները. Դանիբեկյանը որոշումը դեռ չի մեկնաբանում«Այդ տարբերության մասով կկարողանամ խոսել, եթե մենք վերցնենք մի քանի գործ ժամկետների պահպանման հետ կապված հարուցված վարույթների առնչությամբ, նկատի ունեմ ժամկետների ձգձգումների և փորձենք հասկանալ՝ որ դեպքում ինչպիսի մոտեցում է դատավորի նկամամաբ կիրառվել՝ սկսած հարուցման հիմքից վերջացրած ընտրված պատասխանատվության միջոցը: Բայց քանի որ սրանք բովանդակային առումով տարբեր գործեր են, այդ համեմատությունն անելն ըստ իս մի քիչ ավելի բարդ է լինում., - ասաց նա:
Թե՛ Վահե Դոլմազյանի վերաբերյալ այսօրվա, թե՛ Աննա Դանիբեկյանի լիազորությունների դադարեցման որոշումը Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջությամբ չի հրապարակել: Երբ դրանք լինեն, գնահատականներ հնչելցնելն առավել հիմնավոր կլինի, եզրափակեց փորձագետը: