Քաղաքացու ծեծի գործով մեղադրյալ պարեկ դեռ չկա

Անցած շաբաթ ձերբակալված քաղաքացու փաստաբան եղբայրը հրապարակել է պարեկների վրա ամրացված տեսանկարահանող սարքի կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես են երկու ոստիկանները իրենց դիմադրող Արամ Երիցանին փորձում ձեռնաշղթա հագցնել, տապալում են գետնին, ձեռնաշղթաներն ի վերջո հագցնում, աչքերին էլ շատ մոտ տարածությունից երկու անգամ արցունքաբեր գազ փչում։

«Մարմնի տարբեր հատվածներում սալջարդներ են, որ ակնհայտ երևում է, մեկ էլ արցունքաբեր գազի կիրառման արդյունքում աչքերի հատվածում ունի կարմրություն, երեսի այն հատվածը, որն առնչվել է գազի հետ, ունի կարմրություն: Նաև արցունքաբեր գազը կիրառվել է ոչ այն հեռավորությունից, որը թույլատրելի է», - ասաց Փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանը:

Ձերբակալությունից հետո Երիցյանի եղբայրը՝ Ռոման Երիցյանը պահանջել էր հրապարակել միջադեպի ողջ տեսագրությունը։ Ժամեր անց, սակայն, Քննչականն իր էջում տեղադրեց դրա մի մասը՝ 23 վայրկյանանոց մի տեսագրություն, որն ընդհատվում էր քաղաքացուն գետին տապալելուց հետո։ Քննչականի հրապարակածում միայն միջադեպի սկիզբն է, երբ երիտասարդը դիմադրում էր պարեկներին իրեն ձեռնաշղթա հագցնելու ժամանակ։

Ե՛վ պարեկների, և՛ Արամ Երիցյանի գործողությունները քննում է Քննչական կոմիտեն։ Վնասվածքներ ստացած երիտասարդը մեղադրվում է պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու համար, իսկ իրեն վնասվածքներ պատճառած պարեկները տուժող են ճանաչվել ու մեղադրյալի կարգավիճակ չունեն։

Հինգշաբթիից մինչև կիրակի ձերբակալված երիտասարդը երեկ ազատ արձակվեց։ Դատարանը մերժեց նրան կալանավորելու Քննչականի միջնորդությունը, ավելին՝ ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ձերբակալված քաղաքացին ահազանգում է բռնության մասին. ՆԳՆ-ն հերքում է

Փաստաբան Ռաֆայել Ջհանգիրյանի խոսքով, պարեկները սկզբում թմրամիջոցի կասկածանքով են փորձել ձերբակալել, բայց ձերբակալման արձանագրության մեջ լրիվ այլ պատճառ են գրել, թե՝ բռնություն է կիրառել իրենց նկատմամբ։ Դատարանը, սակայն, այդ հիմքը ոչ իրավաչափ է ճանաչել։

«Ձերբակալման նպատակն անձի փախուստը կանխելն է կամ հանցագործության կատարումը կանխելն է: Այդպիսի նպատակ ընդհանրապես ձերբակալման արձանագրության նշված չէր: Ձերբակալումն իրականացրել է տվյալ գործով շահագրգիռ անձը, այսինքն, այն պարեկը, որը ճանաչվել է տուժող», - ասաց փաստաբանը:

Ծեծի և վիրավորանքների մասին ահազանգած նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը, ձերբակալման օրն էլ հրապարակել էր եղբոր վնասված թևի լուսանկարը։

Իրավապաշտպան. «Այստեղ խոշտանգման հատկանիշները բավական բարձր են»

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նշեց. - «Անձն արդեն իսկ ինքնապաշտպանության խնդիր է ունեցել և այլն, ու ընդհանրապես բռնի ուժի կիրառումը նման պարագաներում ոչ միայն անցանկալի է, այլև չի բերում այն արդյունքին, որին ակնկալում ենք ոստիկանության ծառայողների պարագայում՝ հանրային կարգի պաշտպանությանը»:

Ըստ Քննչականի՝ պարեկները Երևանում ծառայություն իրականացնելիս նկատել են խախտումով կայանված մի ավտոմեքենա, բարձրախոսով կանչել են վարորդին, նրանց մոտեցել է 27-ամյա Արամ Երիցյանը, հայտնել, որ մեքենան ինքը չի կայանել, բանալիներն իր մոտ չեն։ Պարեկներն էլ պահանջել են, որ վարորդը ներկայանա, և իրենց մոտեցած մեկ այլ քաղաքացի կարողացել է մեքենան առանց բանալիի՝ հեռակառավարման սարքով, տեղափոխել։ Սա, ըստ Քննչականի, կասկածելի է թվացել պարեկներին, կարծել են, թե Երիցյանը փորձում է տուգանքից խուսափել և երիտասարդին առաջարկել են բաժին գնալ, նա, սակայն, հրաժարվել է։

«Այստեղ խոշտանգման հատկանիշները բավական բարձր են: Սա ոչ առաջին դեպքն է, ցավոք սրտի, ոչ էլ խոշտանգման դեպքերով մենք հստակորեն ունենք շոշափելի առաջընթաց այդ դեպքերի բազմակողմանի քննության ու կոնկրետ որպես խոշտանգում ճանաչելու տեսանկյունից», - ընդգծեց Հովհաննիսյանը:

Ոստիկանների համար հաճախ դասընթացներ վարող իրավապաշտպանը հատուկ ընդգծում է՝ պարեկները սովորաբար երկուսով են աշխատում, որպեսզի կարողանան վնասազերծել իրավախախտին առանց հատուկ միջոցի։ Եվ այս դեպքում էլ կարող էին այդպես անել։ Ինչո՞ւ են ոստիկանական գործողությունների մասին ահազանգերը շատացել. իրավապաշտպանը պնդում է՝ նման միջադեպերից հետո ոստիկանները մնում են անպատիժ

Իրավապաշտպանները շարունակում են հիշեցնել հատկապես վերջին շրջանում ոստիկանական գործողությունները ընդդիմադիրների նկատմամբ. թեև բռնության մասին փաստերին, տեսանյութերին, որևէ մեղադրյալ ոստիկան չկա։