Ռուսական 28 բնակավայր՝ ուկրաինական վերահսկողության տակ, 120 հազարից ավելի մարդ՝ տեղահանված․ ռուսական կողմն այսօր՝ ուկրաինական ներխուժման 7-րդ օրը, առաջին անգամ հստակ թվեր է հրապարակել՝ խոստովանելով, որ ուկրաինական բանակը լուրջ խնդիրներ է առաջացրել գերտերության համար։
«Ներկայումս իրավիճակը (Կուրսկի) շրջանում ծանր է, 28 բնակավայր գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, Կուրսկի տարածք ներխուժման խորությունը 12 կիլոմետր է, ճակատի երկայնքով լայնությունը՝ 40 կիլոմետր», - հայտարարել է Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
Նահանգապետի խոսքով՝ տեղական իշխանությունները տեղեկություն չունեն մոտ 2 հազար մարդու ճակատագրի մասին, քանի որ նրանք գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող բնակավայրերում։ Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնյայի, մինչ օրս զոհվել է 12, վիրավորվել՝ 121 բնակիչ, այդ թվում՝ 10 երեխա։
Նախագահ Պուտինն այսօր անվտանգության ուժերի ղեկավարների հետ հերթական հանդիպումն է անցկացրել: «Թշնամին անպայման արժանի արձագանք կստանա, և մենք անկասկած կհասնենք մեր նպատակներին», - վստահեցրել է Վլադիմիր Պուտինը։
Մինչ այդ սոցիալական ցանցերում բազմաթիվ տեսանյութեր էին հրապարակվել ուկրաինական ներխուժման մասին։ Դրանցից մեկում, որի իսկությունը Reuters-ը հաստատել է արբանյակային լուսանկարների օգնությամբ, ուկրաինացի զինվորներն իրենց դրոշն են բարձրացնում սահմանից առնվազն 3,5 կմ խորությամբ ընկած Գուևո գյուղում։ Ուկրաինացի զինվորներից մեկն էլ Կուրսկի մարզում ռուսական խանութի ֆոնին է նկարահանվել․ - «Սիրելի ուկրաինացիներ, մենք մտանք «Պյատյորոչկա», և ասեմ ձեզ՝ ընտրությունն աղքատ է, մեր ATB-ավելի լավն է»։
Պաշտոնական Մոսկվան ընդունում է, որ տեղական իշխանություններն Ուկրաինայի հետ սահմանակից արդեն երկրորդ տարածաշրջանի՝ Բելգորոդի բնակչությանն են տարհանում: Տեղի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը սահմանամերձ գյուղերում այսօր անձամբ է տուն առ տուն անցել՝ տարհանումը կազմակերպելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդից հայտարարում են սահմանային շրջանից բնակիչներին տարհանելու մասինՊուտինը, որ մեկ շաբաթ առաջ պարզապես սադրանք էր որակել ուկրաինական այս հարձակումը, այսօր ավելի կոշտ է խոսել՝ հրահանգելով դուրս շպրտել հակառակորդին Ռուսաստանի տարածքից։ Ավելին, Կրեմլի ղեկավարը պնդել է, թե Կիևը հեռահար նպատակներ ունի և փորձում է այս քայլերով բանակցային դիրքերը բարելավել. - «Այժմ պարզ է, թե ինչու Կիևի ռեժիմը մերժեց խաղաղ բանակցություններին վերադառնալու մեր առաջարկները։ Հակառակորդն արևմտյան տերերի օգնությամբ փորձում է բարելավել իր բանակցային դիրքերը։ Բայց ի՞նչ բանակցությունների մասին կարող ենք խոսել այն մարդկանց հետ, ովքեր անխտիր հարձակվում են քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»։
Նա չի հստակեցրել, թե Կուրսկի վրա հարձակմանը ինչ պատասխան է Մոսկվան պատրաստում։ The Wall Street Journal-ը, սակայն, հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին, գրել է, թե ըստ Սպիտակ տան՝ Մոսկվան կարող է դաժան հակահարված տալ։ Ամերիկացի պաշտոնյաները, մասնավորապես, մտավախություն ունեն, որ ռուսական կողմը կարող է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքներին:
Զուգահեռաբար, Մոսկվան ինտենսիվ գրոհում է արևելյան ճակատում, հատկապես ուկրաինական Տորեցկ քաղաքի ուղղությամբ՝շարունակելով դանդաղ առաջ ընթանալ։
Ի՞նչ նպատակ ունի հարձակումը Կուրսկի մարզի վրա, երբ ուկրաինացիները չեն կարողանում կանգնեցնել ռուսներին սեփական հողում։ Հարցին կիրակի օրը պատասխանել է Ուկրաինայի նախագահը։ Առաջին անգամ փաստացի ընդունելով, որ ուկրաինական բանակը ներխուժել է Ռուսաստանի տարածք, Վլադիմիր Զելենսկին ասել է, թե Կիևը գնացելէ այդ քայլին Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար։ «Ուկրաինան ապացուցում է, որ իսկապես կարող է վերականգնել արդարությունը և ապահովել անհրաժեշտ ճնշումը ագրեսորի վրա», - հայտարարել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական ուժերն առաջանում են Դոնբասում, Ուկրաինայի պատասխա՞նը՝ ներխուժել ՌուսաստանՄինչ այդ, իրարամերժ տեղեկություններ են հաղորդվում Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի ատոմակայանում երեկ բռնկված խոշոր հրդեհի մասին։ Հրդեհի տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել էր Ուկրաինայի նախագահը։ Կիևը հրդեհի համար մեղադրել է ռուսական բանակին, իսկ Մոսկվան՝ Ուկրաինային: Երկու կողմերն էլ միաժամանակ նշել են, որ ճառագայթային ֆոնը մնում է նորմայի մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Զապորոժիեի ԱԷԿ-ում հրդեհը մարվել է, «տարածաշրջանի համար վտանգ չկա»Խոշոր հրդեհ Զապորոժիեի ատոմակայանում․ հրդեհի համար Մոսկվան ու Կիևը միմյանց են մեղադրում