Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ կոմիտեի նիստին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին, «Արմենպրես»-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Նիստը կայանալու է Աստանայում նոյեմբերի 28-ին։

Նիստին մասնակցելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը և միացյալ շտաբի ղեկավար Անդրեյ Սերդյուկովը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ պնդել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա։

  • Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
  • Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
  • Այս տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։