Ապօրինի գույքի բռնագանձման նոր գործեր. դատախազություն են հրավիրվել Դավիթ Հարությունյանն ու Արտակ Շաբոյանը

Ապօրինի գույքի բռնագանձման նոր գործեր կան։ Իրավապահները դատախազություն են հրավիրել արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախկին ղեկավար Արտակ Շաբոյանին ու նրանց հետ փոխկապակցված անձանց։

Տեղեկացանք, որ Հարությունյանն արդեն գնացել է դատախազություն, որտեղ պետք է ծանոթանար իրավապահների ուսումնասիրությանը ու հայտներ գույքի օրինականության վերաբերյալ իր դիրքորոշումը։ Շաբոյանը գնալու է օգոստոսի 23-ին։

Արդարադատության նախկին նախարարն «Ազատության»-ն ասաց, որ այս պահին որևէ մեկնաբանություն չունի, իսկ մյուս նախկին պաշտոնյայի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Այժմ դատարանում ապօրինի գույքի բռնագանձման 109 հայցադիմում է քննվում, որոնցով հօգուտ պետության պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1150 անշարժ և 225 շարժական գույք, տեղեկացանք դատախազությունից։ Ընդհանրապես 2020 թվականից ի վեր դատախազությունը կատարել է ապօրինի գույքի ավելի քան 500 ուսումնասիրություն, դատարան ուղարկել 161 անձի վերաբերյալ գործ՝ պահանջելով պետությանը վերադարձնել մոտ 1 միլիարդ 440 միլիոն դոլար։

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը հիշում է իշխանության խոստումները. - «Ոչ մի ձուկ ու մուկ չի պլստալու, բացի պլստացողները տեսնում ենք, որ այդ տեմպը դատարանների և դատախազության աշխատանքի անբավարար է, որպեսզի կարողանան այդ կարիքները սպասարկել: Կարիքն իսկապես մեծ է ապօրինի գույքի վերադարձի: Ես համարում եմ, որ դա մի ահռելի կապիտալ է Հայաստանի հանրությունից ու պետությունից գողացված, յուրացված տարբեր հնարքներով, տարբեր սխեմաներով, ու իշխանությունը պիտի շատ ավելի մեծ ջանքեր ներդնի, երևի տասնապատիկ ավելի մեծ, որպեսզի արդյունավետ կերպով վերադարձնի այդ ապօրինի գույքը հանրությանը»:

Մինչև օրս ապօրինի գույքի գործերով Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է 3 վճիռ, ևս 6 համաձայնության դեպք է եղել, երբ հաշտություն է կնքվել նախկին պաշտոնյաների հետ, նրանք վերադարձրել են պահանջված գույքի օրենքով սահմանված մասը։

«Գործընթացի տեմպը հանրությանը չի բավարարում»

Գործընթացի տեմպը հանրությանը չի բավարարում, կարծում է Բարսեղյանը՝ հիշեցնելով, որ հատկապես 2024 թվականի վերաբերյալ դատախազությունը շռայլ խոստումներ էր տվել։

Լևոն Բարսեղյանը, արխիվ

«Երևի թե կակտիվանա, ավելի ինտենսիվ կդառնա հաջորդ ընտրությունների նախօրեին: 26 թվականի առաջին կեսը երևի կլինի բերքահավաքի տարի՝ նախընտրական քարոզչության հետ զուգորդված, համադրված, համահունչ, ինչպես ասում են: Այդտեղ է, որ կասեն՝ ահա, ժողովուրդ, դուք մեզ մանդատ տվեցիք, և մենք արդարացնում ենք ձեր հույսերը, այնինչ շատ վաղուց զգալի կապիտալ պետք է վերադարձված լիներ», - ընդգծեց լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավարը:

Ի՞նչ գույք է պահանջում դատախազությունը Հարությունյանից ու Շաբոյանից, առայժմ այս տեղեկությունը հրապարակային չէ, ընդհանրապես գույքի վերաբերյալ տվյալներ հանրությանը հայտնի են դառնում միայն այն բանից հետո, երբ դատարանը սկսում է քննել գործը։

Ողջ գործընթացում դանդաղկոտությունից բացի նաև թափանցիկության բացակայության հարց կա, կարծում է Լևոն Բարսեղյանը։

«Ես համարում եմ, որ այն պահից սկսած, երբ նախկին պաշտոնյային ներկայացվում է ապօրինի լինելու կասկածանքով իր ունեցած գույքը, այսինքն, դատախազությունն ուսումնասիրել է 1, տարի, 2, 3 տարի, այդ պահից այլևս օբյեկտիվորեն այդ կասկածվող գույքացանկը հանրությունից փակ պահելու իմաստը կորում է», - ասաց Բարսեղյանը:

Ընդ որում՝ կառավարության նախկին նիստերին նաև վարչապետ Փաշինյանն է դժգոհել ապօրինի գույքի վերադարձի գործընթացի արդյունավետությունից, սակայն նաև այդ մասին հայտարարելուց հետո առանձնապես փոփոխություն տեղի չի ունեցել։

«Որևէ մեկը չի կարող ասել, որ իրավապահ համակարգն իր գործունեության արդյունավետության համար կառավարությունից ակնկալել է որևէ բան և դա չի տրվել կառավարության կողմից: Շատ կոնկրետ նյարդ է առաջացնում և՛ հանրության շրջանում, և՛ կառավարության շրջանում, և՛ կառավարող մեծամասնության շրջանում, որ մենք էս 5 տարի է դատարկ էինք խոսո՞ւմ, օդում խոսո՞ւմ էինք ուղղակի, որ էս ենք անելու, էս ենք անելու», - նշել է վարչապետը:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ապօրինի գույքի գործով է անցնում նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները, կրկին իրավապահները չեն հայտնել, թե ինչ ենթադրյալ ապօրինի ծագման գույք ունի Սարգսյանը։ Ապօրինի գույքի բռնագանձման գործերով անցնում են նաև երկրորդ և երրորդ նախագահները։