Ապաշրջափակման մասին հոդվածը խաղաղության պայմանագրից հանելով Հայաստանը զիջման չի գնում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը՝ շեշտելով՝ խաղաղության գործընթացում կա երկու հարց որոնց ճակատագրերը միմյանց հետ փոխկապակցված են՝ դելիմիտացիա-դեմարկացիա և կոմունիկացիաների բացում։
«Հիմա, այն պահին սկսած, երբ դելիմիտացիայի-դեմարկացիայի փաթեթը դուրս թողնվեց խաղաղության պայմանագրից և միակ ուժի մեջ մնացած ձևաչափը մնում է փոխվարչապետերի ձևաչափն, այսինքն՝ էդ հարցը լուծվում է խաղաղության պայմանգրից դուրս, նույն տրամադրությամբ սկսում է զարգանալ կոմունիկացիաների հարցը, այսինքն՝ կոմունիկացիաների հարցը դառնում է զուգահեռ բանակցային գործընթաց», - ասաց Քոչինյանը՝ շարունակելով․ - «Այս պահի դրությամբ մենք խոսում ենք երեք զուգահեռ բանակցային գործընթացերի մասին՝ դելիմիտացիա-դեմարկացիա՝ փոխվարչապետերի մակարդակով, երկրորդ՝ կոմունիկացիաներ, դեռևս հասկանալի չէ՝ ինչ մակարդակով և ինչ աշխատանքային գործիքներով, դա առաջիկա ամիսներին պարզ կդառնա և երրորդը՝ բուն խաղաղության պայմանագիրը, որտեղ կմնա, ըստ էության, երկու փաթեթ, մեկը՝ հենց խաղաղության մասին դրույթները, մյուսը՝ դիվանագիտական հարաբերություններ ձևավորելու մասին դրույթը»։
Ավելի քան երկու տարվա բանակցություններից հետո պաշտոնական Երևանը օգոստոսի 7-ին հաստատեց՝ Բաքվի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը:
Սա խաղաղության պայմանագրի առանցքային դրույթներից մեկն էր, որի շուրջ կողմերը տևական ժամանակ է՝ բանակցում էին, սակայն անարդյունք: Հայկական կողմը դեմ է միջանցքային տրամաբանությանը, իսկ Ադրբեջանն այս տարիներին, կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը, առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան։
«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների հարցը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում: Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար», - ավելի վաղ «Ազատության»-ը տված հարցազրույցում ասել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Հարցին, թե ինչո՞ւ էր Հայաստանը նախկինում դեմ, իսկ հիմա համաձայնել, որ հոդվածը հանվի խաղաղության պայմանագրից, արդյոք սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մի զիջման գնաց, Քոչինյանը նախ պատասխանեց՝ «ո՛չ, չի նշանակում», ապա կրկին շեշտեց՝ երբ պարզ դարձավ, որ դելիմիտացիայի-դեմարկացիայի գործընթացը լուծվում է, բայց լուծվում է խաղաղության պայմանագրից դուրս, ակնհայտ էր, որ նույն ճակատագրին պետք է արժանանար նաև կոմունիկացիաների փաթեթը։
«Երկրորդ՝ ինձ համար անհասկանալի է այն տրամաբանությունը, որ եթե մենք չենք ֆիքսում խաղաղության պայմանագրում կոմունիկացիաների հարցն, ապա կոմունիկացիաները լինելու են միջազգային տրամաբանությամբ, չկա նման բան, դա կարծիք է ընդամենը, ոչ թե եղելություն, ոչ թե փաստ։ Եթե այս պայմաններում Ադրբեջանը չկարողացավ անցակցնել և ստանալ միջազգային տրամաբանություն, ապա ինչպե՞ս է դա անելու, երբ որ հարաբերությունները լինեն ավելի հանդարտ և գետնի վրա իրավիճակը լինի ավելի հանգիստ», - ասաց փորձագետը։
Քոչինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․