Ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբի նիստերը չեն շարունակվում, որովհետև կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս չկա, «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց փոխվարչապետ, հայկական կողմի համանախագահ Մհեր Գրիգորյանը:
«Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումն իմաստ չունի», -ասաց Գրիգորյանը:
«Մաքսային հսկողության և սահմանային գործառույթները պետք է լինեն լիարժեք, ինքնիշխան, որի դեպքում Հայաստանը պատրաստ կլինի», - հավելեց Գրիգորյանը՝ վստահեցնելով, թե հայկական կողմը պատրաստ է շարունակել քննարկումները:
«Ազատության» հարցին՝ շարունակել քննարկումները հայ-ռուս-ադրբեջանական ձևաչափո՞վ, Գրիգորյանն արձագանքեց. «Այդքան պարզ, որքան մենք հրապարակել ենք մեր դիրքորոշումն, ուղղակի գոյություն չունի: Չկա աշխարհում մի կետ, որտեղ «Խաղաղության խաչմերուկի» բուկլետը դրած չլինենք, ես այլևս կաշկանդված եմ «Խաղաղության խաչմերուկ» բուկլետով, ես կարող եմ բանակցությունները շարունակել միայն դրա շրջանակում»:
Որևէ երրորդ կողմի ներկայության վերաբերյալ հարցին Գրիգորյանը պատասխանեց՝ որևէ երրորդ երկրի ուժեր հայկական տարածքում անվտանգային գործառույթ չեն իրականացնի:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի վերջի նիստի ընթացքում շոշափելի առաջընթաց է նկատվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարածաշրջանային ապաշրջափակման եռակողմ խմբի վերջի նիստին շոշափելի առաջընթաց է նկատվել. Փաշինյան