ԱՄՆ-ն իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ Իրանը, ըստ Վաշինգտոնի, փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում հետագա ռազմական գործողությունների համար, գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների։
Ինքը՝ Սպիտակ տունը, հրաժարվել է հաստատել տեղեկությունը, սակայն կրկին մտահոգություն է հայտնել, որ Թեհրանը մեծացնում է աջակցությունը Մոսկվային։
ԱՄՆ վարչակազմն արդեն մի քանի ամիս է՝ զգուշացնում է Իրանին Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ փոխանցելու հետևանքների մասին։
The Wall Street Journal-ը և CNN-ն ավելի վաղ հաղորդել էին, որ Իրանն արդեն փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է ուղարկել Ռուսաստան։
Ուկրաինայի ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել ԶԼՄ-ների հաղորդագրությունների կապակցությամբ՝ նշելով, որ եթե տեղեկությունը հաստատվի, դա «կործանարար հետևանքներ կունենա» ուկրաինա-իրանական հարաբերությունների վրա։
AP-ն նշում է, որ այս տեղեկությունը շրջանառվում է այն ժամանակ, երբ ռուսական բանակը փորձում է հետ մղել օգոստոսի 6-ից սկսած Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանում, իսկ նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակում է պնդել, որ դաշնակիցները թույլ տան Կիևին օգտագործել Արևմուտքից ստացած հրթիռներ Ռուսաստանի խորքը հարվածելու համար:
Իրանի իշխանությունները հերքում են Մոսկվային Ուկրաինայի պատերազմի համար զենքի տրամադրումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան Իրանին սպառնում է «կործանարար հետևանքներով»