Անվճար ու զեղչով երթևեկողների համար «գործիքներ են մշակվում»․ Քաղաքապետարանը դեռ պատասխան չունի

Երևանում տրանսպորտային նոր համակարգի գործարկմանը մնաց 2 շաբաթ, բայց «քաղաքապետարանը դեռ մշակում է համապատասխան գործիքակազմ», որպեսզի հասկանալի լինի՝ տրանսպորտից անվճար կամ զեղչով օգտվողներն ինչ ու ինչպես պետք է անեն այդ արտոնությունից օգտվելու համար։

Քաղաքապետարանն ավելի վաղ հայտնել էր՝ տրանսպորտից անվճար կօգտվեն մինչև 7 տարեկանները, ծնողազուրկ դպրոցականները և ուսանողները, հաշմանդամություն ունեցողները, պետական խնամքի տակ գտնվողները, հերոսի կոչում ունեցողները, բազմազավակները․ թե որտեղ, ում, ինչպես պիտի դիմեն այս խմբերը, ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, դեռ հայտնի չէ։

Ըստ քաղաքապետարանի՝ զեղչեր կլինեն դպրոցականների, թոշակառուների, նպաստառուների և ուսանողների համար, բայց նրանց դեպքում ևս հայտնի չէ, թե ինչպես պիտի ստանան զեղչի «հավաստագիրը»։

«Այս պահին մշակվում է համապատասխան գործիքակազմ, որի շնորհիվ կհստակեցվեն ձեր հարցմամբ բարձրացված հարցերի պատասխանները: Օգտելու ձևաչափերի վերաբերյալ առաջիկայում կապահովվի լայն իրազեկում»,- ասում են քաղաքապետարանից:

Նոր տարվա առաջին օրը Երևանում կգործարկվի տրանսպորտային նոր համակարգը՝ թարմացված և թանկացված սակագներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր կօգտվեն արտոնությունից հանրային տրանսպորտով երթևեկելիս. Երևանի ավագանին ընդունեց փաթեթը