Խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը գոհացուցիչ է, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը՝ միևնույն ժամանակ ընդգծելով Երևանի կողմից Բաքվի պահանջների կատարման կարևորությունը՝ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նոր թափ հաղորդելու համար»։
«Հայաստանի համար կարևոր կլինի փոխել որոշ օրենքներ կամ սահմանադրական հոդվածներ, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք այլևս անելիք չունեն, նրանք չեն նպաստել խնդրի լուծմանը։ Երբ սրանք տեղի ունենան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա», - ասել է թուրք պաշտոնյան։
Պաշտոնական Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտելու մասին հայտարարեցին մարտի 13-ին։
Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
Բաքուն, մասնավորապես, պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ:
Իսկ Ադրբեջանի մյուս պահանջին՝ Մինսկի խմբի լուծարմանը, Երևանը համաձայնել է, բայց՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ցավոք կան նախապայմաններ». Միրզոյանը ԱԺ-ում մանրամասներ ներկայացրեց Բաքվի հետ համաձայնությունից