Անկարան ուշադիր հետևում է խաղաղության հասնելու Բաքվի և Երևանի ջանքերին, երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Նա նշել է, որ Անկարան կշարունակի «համակարգված աշխատել ադրբեջանցի եղբայրների հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար»։
«Մենք ուզում ենք որքան հնարավոր է շուտ լավ լուր ստանալ այս ուղղությամբ, նախքան ինչ-որ մեկը կփորձի սաբոտաժի ենթարկել գործընթացը», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ չհստակեցնելով, թե ինչ սաբոտաժի մասին է խոսքը։
Հիշեցնելով, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացել է «3+3» ձևաչափով Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, Էրդողանը շեշտել է, որ այն կարևոր կարիքներ է բավարարում։
«44-օրյա պատերազմից հետո և Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի ավարտով տարածաշրջանում մշտական խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել։ Այժմ խաղաղության քամի է փչում այս տարածաշրջանում, որը ժամանակին հայտնի էր ցավով և հակամարտությամբ», - ասել է Թուրքիայի նախագահը:
Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Պաշտոնական Երևանը վերջին շրջանում քանիցս պատրաստակամություն է հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիրն արդեն համաձայնեցված հոդվածներով, Բաքուն, սակայն, դեմ է: Հայաստանը նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագրի ստորագրում է առաջարկել, Ադրբեջանն այդ առաջարկներին չի արձագանքել:
Թուրքիան, ի հերթին, մի քանի անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն կրկին Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է թվարկել