«Սեպտեմբերի 27-ից չկա ինքը», - այսպիսի կսկիծով Հայաստանում պատերազմների հետևանքով անհայտ կորած հարյուրավոր մարդկանց են սպասում։ Որը՝ մարտի դաշտից, որն Ադրբեջանին անցած բնակավայրերից այդպես էլ տուն չեկան։
18-ամյա Տիգրան Աղբալյանի անունը 2020-ի պատերազմի զոհերի առաջին ցուցակում է եղել։ Հետո հերքվել է, բայց նրան նաև ողջերի մեջ չեն գտել։
Նույնն է պատմությունը չարենցավանցի Օհանյանների ընտանիքում։ Որդին՝ Սասունը, որ խաղաղապահ էր, կամավոր մեկնել է ռազմաճակատ ու այլևս չի վերադարձել, պատմում է հայրը՝ Սերգեյ Օհանյանը։ Սպասում են, բայց դեռ անօգուտ։
Այսօր ամբողջ աշխարհը նշում է որպես բռնի անհետացումների զոհերի օր։ Կարմիր խաչի տվյալներով՝ 90-ականներից ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած 700 անուններին անցած 4 տարիներին ավելացել է ևս 300-ը։ Նրանց ընտանիքներն ամեն ժամ սպասում են՝ մի լուր լինի իրենց որդուց, հորից կամ ամուսնուց։
Ընտանիքների սպասելիքները կառավարությունից են՝ գոնե Ադրբեջանի հետ բանակցելու մի հնար գտնեն, տղաները վերադառնան, ասում է լոռեցի Սուսաննա Բադալյանը։
Մինչև այսօր գերիների թվի մասին հստակ տեղեկություն չկա։ Ադրբեջանն այս պահին խոսում է իր մոտ պահվող 23 անձի մասին։ Մինչդեռ հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ 44–օրյա պատերազմից հետո ևս 32 հայ գերի կա, ինչն Ադրբեջանը հերքում է։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը Վանաձորում հայտարարեց՝ Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը միջազգային կառույցներում և դատական ատյաններում խնդիրը ներկայացնելու համար։ Ադրբեջանը, մինչդեռ, չի արձագանքում։
Մի քանի տասնյակ դեպքերում անհայտ կորածների մասին փորձաքննական եզրակացություն կա, թե գտնվել են նրանց դիակները, բայց հարազատները չեն ընդունում այդ տվյալները։ Լոռեցի Մարինե Պողոսյանն ասում է՝ գտնված անգլուխ դիակն իրենց որդու հետ միայն ուսի դաջվածքով էր նման։
Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասում է՝ փորձում են պետական փորձագիտական կառույցների ու անհայտ կորածների ընտանիքների հետ համագործակցությամբ պարզել՝ որոնք են անհամաձայնության պատճառները։
«Մենք դուռը չենք փակում ու չենք գնա տնից։ Սպասում ենք վերադարձիդ, որ լույս բացվի ու նորից ապրենք». Կարմիր խաչն այսպիսի մակագրություններով լուսանկարներ էր բերել Վանաձոր, անհայտ կորածների միջազգային օրը՝ ցուցադրության։
Անցած 4 տարիներին անհայտ կորածների ընտանիքներում արված լուսանկարներում սպասումի ու կարոտի պատմություններ էին։ հավաքված հարազատներն իրար հույս էին տալիս ու ամուր լինելու կոչ անում։
«Ազատության» հեռուստառեպորտաժը.