Փաշինյանը կարող էր հարցերը տալ, «երբ հանդիպել էինք»․ Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է վարչապետին

Ռուբեն Վարդանյան, Նիկոլ Փաշինյան

Յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից, ադրբեջանական բանտից, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած հայտարարություններին, ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Վարդանյանի հայտարարությունը տեղադրված է իր ֆեյսբուքյան էջում։

Վարդանյանը նկատել է՝ եթե Փաշինյանն ինչ-ինչ հարցեր ուներ իրեն, նա հնարավորություն ուներ դրանք ուղղելու 2022-ի նոյեմբերին՝ վերջին հանդիպման ժամանակ, երբ ինքը դեռ պետնախարարի պաշտոնն էր զբաղեցնում:

«Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի», - ասել է Արցախի նախկին պետնախարարը՝ շարունակելով․ - «Ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018-ի գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել. մենք գործընկերներով չենք ցանկանում և չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը, մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար և երրորդ՝ միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է»:

Ընդգծելով, որ 2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքն իր համար շրջադարձային եղան՝ Վարդանյանն ասել է, որ այդ ժամանակից ի վեր իր բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի և նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ։

«Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամնենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը, բայց ես շարունակում եմ հավատալ, որ չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, մենք կկարողանանք հաղթահարել այս փուլը ևս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա», - եզրափակել է Արցախի նախկին պետնախարարը:

Փաշինյանն օգոստոսին ասուլիսի ժամանակ, խոսելով Վարդանյանի մասին, մասնավորապես, ասել էր. - «Ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան գործուղեց Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ խոստումներով, ու վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է, որովհետև նա, կարծես թե, այլ երկրի քաղաքացի է»:

Արցախի նախկին պետնախարարն Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջի անցակետում՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական հարձակումից ու նրա լուծարումից հետո։ Բաքուն Վարդանյանին մեղադրում է «ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու հոդվածներով»։

Ռուբեն Վարդանյանը 2022-ի սեպտեմբերին հայտարարեց, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվում է Արցախ։ 2022-ի նոյեմբերին նշանակվեց Արցախի պետնախարար։ Նա ղեկավարեց ընդամենը երեք ամիս՝ 2023-ի փետրվարին ազատվեց պաշտոնից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբեն Վարդանյանին հեռացնելու պատճառը միայն Ադրբեջանի պահանջը չէր. Քաղաքագետ