Խառնաշփոթ, հերթեր, ցուցակներ անձնագրայիններում. խնդրի դեմ պայքարը նոր երանգներ է ստանում

Անձնագրայիններում մարտեր են առանց կանոնների։

Ռազմելա Սահակյանը երեք շաբաթ է՝ գնում-գալիս է, հերթը չի հասնում։ Մեկ այլ կին երեխաներին տանը թողած, ժամեր է սպանում Աբովյանի անձնագրայինի միջանցքում։

«Երկու սեղան թող բերեն, ավելացնեն։ Մենք էլ ենք մարդ, հո մենք կապիկ չենք։ Մարդ կա, ասում է՝ գիշերը 1-ից մինչև առավոտ այստեղ եմ եղել, բայց ինչի համար», - հարցնում է քաղաքացիներից մեկը։

Գիշերվանից ինչ-որ մարդիկ ցուցակներ են կազմում, որ հետո դռները բացվեն ու ներսում կտրոն ստանան ու սպասարկվեն, հերթերն այնքան մեծ ու հախուռն են, որ մի ցուցակը պատռում ու մյուսն են գրում։ Աբովյանի անձնագրայինի բաժնում, օրինակ, երկու երիտասարդներ էին ցուցակագրողները՝ ցուցակով հանդերձ տարածքից հեռացան տեսախցիկը տեսնելուն պես։

Հրազդանի անձնագրայինում էլ են մարդիկ ցուցակագրվում, որ թե հաջողվի, կտրոն ստանան։

«Ետ բերել անձնագրային բաժինը» նախաձեռնության հեղինակներից Գևորգ Հակոբյանը վստահ է՝ այս խառնաշփոթը անձնագրային բաժինների օպտիմալացման հետևանքն է՝ Չարենցավանի անձնագրայինը փակեցին, հիմա մարդիկ ստիպված Հրազդանի բաժնի առջև են լուսաբացը դիմավորում. - «Հերթը իր հերթին, բայց խի՞ պիտի չարենցավանցին, 40 հազար բնակիչ ունեցող համայնքի բնակիչը գնա, հասնի Հրազդան, ինչ-որ գործարք անի, գա», - հարցնում է նա։


Հրազդանի անձնագրային ծառայության բաժնի պետը միայն ինքը երեկ 202 հոգու է սպասարկել. - «Հլը որ դիմանում ենք, բա ի՞նչ պիտի անենք, որ չդիմանանք», - ասում է Վալերի Եսայանը։։

Ապավինում է ղեկավարությանը, հույսը չի կտրում, որ հերթերը մի օր կմարեն։

«Հիմա ծրագրավորողներն աշխատում են դրա վրա, որ սոցքարտերը, տեղեկանքները բնակության, հաշվառման վերաբերյալ քաղաքացին օնլայն ստանա», - վստահեցրեց նա։


Անձնագրայինների օպտիմալացման ու մի շարք ծառայությունների թվայնացման մասին վարչապետ Փաշինյանին պատմեցին այս տարվա փետրվարին Միգրացիայի ծառայությունում։ Անձնագրային 14 բաժիններ արդեն փակվել են։

Հիմա չարենցավանցիները տարբեր փաստաթղթային հարցերի համար կիլոմետրեր են կտրում և ընկնում Հրազդանի անձնագրայինի անկանոն հերթերի մեջ։ Այնինչ Փաշինյանը հենց նույն քննարկման ժամանակ ասել էր՝ եթե օպտիմալացման պրոցեսում մինչև թվայնացման գործընթացների մեկնարկը խնդիրներ լինեն, որոշակի գրաֆիկով շրջիկ գրասենյակներ կլինեն բոլոր մարզերում։

«Բայց ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական պատկերացումը վերաբերում է թվայնացմանը, որ ընդհանրապես մարդն ինչի՞ պիտի այսպիսի գործառությունների համար գնա, հերթ կանգնի», - այդ ժամանակ ասել էր վարչապետը։

Ի՞նչ բարեփոխում է, եթե ծառայության որակը վատացել է, եթե թվայնացումը «չեք ավարտել, բաժիններն ինչո՞ւ եք լուծարել», Չարենցավանի անձնագրայինը վերադարձնելու պահանջով հարցնում է Գևորգ Հակոբյանը. - «Եթե ինչ-որ բարեփոխում եք ուզում անել, նախ այդ բարեփոխումը մտցրեք, մարդիկ տեսնեն, զգան, նոր հետո հինը լուծարեք, բայց իրենք հակառակն են արել, եղած բաժինն էլ են տարել այնտեղ, բոլոլա են սարքել»։


Հակոբյանին ու նույն պահանջը կիսող այլ քաղաքացիներին այսօր ընդունել է Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանը, բացատրել՝ խորքային, համակարգային բարեփոխումներ են արվում, բայց քաղաքացին իր մաշկի վրա դա կզգա ուշ։

«Պահանջարկը, որ անգամներ գերազանցում է մեր թողունակությունը, փաստ է, բայց այդ անգամները չի հանգեցնում շաբաթների հերթի, հանգեցնում է օրերի հերթի», - ասաց նա։

Նելլի Դավթյանը շեշտում է՝ նույն մարդկային ռեսուրսով, տեխնիկական մաշվածությամբ, նույն ենթակառուցվածքով սպասարկում են մի քանի անգամներով ավելացած քաղաքացիների, տեղահանված շուրջ 100 հազար արցախցիները գոնե 5 անգամ անձնագրային մտնելու կարիք են ունենում։ Առաջիկայում հերթերի կառավարման նոր մոդել են գործարկելու. - «Նոր մոդելը ենթադրում է երկու հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար՝ կամ օնլայն հերթագրվել և մոտենալ նախընտրած օրը, նախընտրած ժամին արագ սպասարկվեն, բայց դա լինելու է երկու շաբաթվա ինտերվալով, կամ մոտենալ, տեղում կտրոն քաշել հերթի ապառատից, տեղում գնահատել ծանրաբեռնվածությունը, որոշում կայացնել»։

Ծառայության պետի տեղակալը համաձայն է՝ խնդիրներ կան, բայց շեշտում է՝ նախկինում էլ անձնագրայիններում գիշերային հերթեր կային։

Ինչո՞ւ են, այնուամենայնիվ, օպտիմալացվել անձնագրային բաժանմունքները, եթե թվայնացումն ավարտված չէ, բաժինները գերբեռնված են. այս հարցի պատասխանը չկա։


Չարենցավանցիների պայքարի մուսան չի լռելու, նաև կիթառահար Գագիկ Գաբրիելյանն է միացել այդ պայքարին, երկու ժամ ոստիկանությունում պահել ու նույնիսկ տուգանել են, իր համոզմամբ, ներքին գործերի նախարարին նվիրված քառատողի համար։

Տանողը, պնդում է, Հրազդանի ոստիկանապետն էր, որ ուզում էր կասեցնել իր ղեկավարի մասին կատարումը։ Հիմա կիթառահարը անձնագրայինը վերադարձնելու պայքարի շրջանակներում նոր երգ է մտմտում Հրազդանի ոստիկանապետի մասին. կերգի այս կիրակի։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում