Ամստերդամում կիրակի օրը քաղաքի կենտրոնական Դամ հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան հարյուր պաղեստինամետ ցուցարար է ձերբակալվել։
Չնայած արգելքին, որը սահմանվել էր իսրայելցի ֆուտբոլասերների վրա հարձակումներից հետո՝ հարյուրավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց՝ վանկարկելով` «Ազատությո'ւն Պաղեստինին», «Ամստերդամն ասում է ո'չ ցեղասպանությանը»։
Ակցիան Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների դեմ էր, որտեղ Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր խոշոր գործողություն է իրականացնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված պաղեստինյան արմատական «Համաս» խմբավորման դեմ։ Իսրայելը հերքում է ցեղասպանության մեղադրանքները։
Նախորդ շաբաթ Նիդերլանդների դատարանն արգելեց փողոցային ցույցերը, երբ Ամստերդամում իսրայելական «Մաքքաբի» (Թել Ավիվ) ֆուտբոլային թիմի երկրպագուները հարձակման ենթարկվեցին տեղի «Այաքսի» հետ խաղից հետո։
Որոշ հարձակվողներ կրում էին պաղեստինյան դրոշներ, արաբերեն և թուրքերեն վանկարկում՝ «Ազատություն Պաղեստինին»։ Անկարգությունների հետևանքով ավելի քան 60 մարդ էր ձերբակալվել, ավելի քան 5 տուժած տեղափոխվել հիվանդանոց։ Տեղի ունեցածը Նիդերլանդները, ինչպես նաև միջազգային առաջնորդներն, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հակասեմական գործողություն էին որակել:
Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինամետ խմբեր փորձում են վնասել իսրայելցիներին Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և մի շարք այլ երկրներում։ Ավելի վաղ Իսրայելը հատուկ չվերթներ էր կազմակերպել Ամստերդամից իր քաղաքացիներին տարհանելու համար, ինչի արդյունքում մոտ երկու հազար մարդ տեղափոխվել է հայրենիք։
Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Էմանյուել Մակրոնը նոյեմբերի 14-ին կմասնակցի Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք ֆրանսիական և իսրայելական հավաքականների խաղին՝ «եղբայրության և համերաշխության ուղերձ» հղելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամստերդամում իսրայելական ֆուտբոլային թիմի երկրպագուները հարձակման են ենթարկվել