Amnesty International-ը դատապարտել է նախընտրական ձերբակալությունների և քննադատների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից հետապնդումների ալիքը և կոչ է արել անհապաղ ազատ արձակել պետական դավաճանության մեջ մեղադրվող քաղաքական վերլուծաբան Բահրուզ Սամադովին և այլոց:
Սեպտեմբերի 2-ին իրավապաշտպան խումբն ընդգծել է, որ հալածանքները տեղի են ունեցել Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից առաջ՝ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ֆոնին, և երբ Բաքուն պատրաստվում է նոյեմբերին ընդունել ՄԱԿ-ի կլիմայական խոշոր համաժողովը:
«Լրագրողների և ակտիվիստների թիրախավորումը ոչ այլ ինչ է, քան այլակարծությունը լռեցնելու և խոսքի ազատությունը ճնշելու փորձ, հատկապես նրանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանի հետ խաղաղության համար», - ասված է Հարավային Կովկասի իր հետազոտող Նատալյա Նոզաձեի հայտարարության մեջ:
Նոզաձեն՝ կոչ է արել միջազգային հանրությանը «իշխանության քննադատների ձերբակալությունները դատապարտել ամենախիստ ձևով»:
Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը օգոստոսի վերջին ադրբեջանցի լրագրող և քաղաքագետ Բահրուզ Սամադովին չորս ամսով նախնական կալանքի ենթարկեց։ Ըստ «Ազատության» ադրբեջանական ծառայության՝ Սամադովին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության հոդվածով, նրան սպառնում է 12-ից մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։
Սամադովը Պրահայի Կարլովի համալսարանի դոկտորանտ է, հայտնի է իր հակապետարազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ։ Իր հոդվածներում ու մեկնաբանություններում նա քննադատել է Ալիևի ավտորիտար ռեժիմի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունն, այդ թվում՝ Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանում վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ գիտնականն է ձերբակալվել՝ հայերի օգտին լրտեսության մեղադրանքով