ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի 11 քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ութ ընկերությունների նկատմամբ, հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։
Պատժամիջոցները սահմանվել են հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 5-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումից հետո։
«Այս գործողություններն ի ցույց են դնում Հյուսիսային Կորեայի աճող սադրանքները և թշնամական ռազմական կեցվածքը, որոնք խորացնում են գլոբալ լարվածությունը և ապակայունացնում տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը», - ասված է հայտարարությունում։
Վաշինգտոնը նաև նշում է, որ Հյուսիսային Կորեան խիստ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, իսկ հոկտեմբերից Ռուսաստանին ավելի քան 11 հազար զինվոր է տրամադրել, ինչպես նաև մեծ քանակությամբ հրթիռներ և զինամթերք է ուղարկել այնտեղ՝ համալրելու նվազող պաշարները:
Պատժամիջոցների ենթարկված անձանց թվում են, մասնավորապես, Հյուսիսային Կորեայի հետախուզության ղեկավար գեներալ-գնդապետ Լի Չան Հոնը և բանակի գեներալ Կիմ Յուն Բոկը, ովքեր, ինչպես նշվում է հայտարարությունում, ուղեկցում են հյուսիսկորեացի զինվորականներին ռուսական բանակում։
Այսօր ավելի վաղ ԵՄ-ն հաղորդեց, որ պատժամիջոցներ է սահմանել 16 ռուսաստանցիների և երեք ընկերությունների նկատմամբ, մասնավորապես, հեռուստահաղորդավար և «Գազպրոմ Մեդիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակիի, GC Structural ընկերության ղեկավար Նիկոլայ Տուպիկինի և ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակից Սոֆյա Զախարովայի նկատմամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պենտագոնը հաստատել է՝ հյուսիսկորեական զորքերը կորուստներ են կրել Կուրսկի շրջանում