ԱՄՆ-ը պահանջում է ամբողջապես հեռացնել ռուսական մասնաբաժինը սերբական NIS նավթային ընկերությունից, ըստ «Ազատության» բալկանյան ծառայության, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը «թույլ չի տալիս ընկերությունում ռուսական կապիտալի 49 տոկոսի կամ ավելի քիչ ներկայության հնարավորություն»։
«Գործողությունների համար մենք ընդամենը 45 օր ունենք, որից հետո պատժամիջոցներն ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն», - հավելել է Վուչիչը։
NIS-ը ենթարկվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցներին երեկ՝ հունվարի 10-ին, ռուսական «Գազպրոմ Նեֆտ»-ի հետ կապերի պատճառով, որը «Գազպրոմ»-ի հետ միասին տիրապետում է NIS-ի բաժնետոմսերի 56,15 տոկոսին։ Բաժնետոմսերի 29,87 տոկոսն էլ Սերբիայինն է։
Ավելի վաղ Վուչիչը հայտարարել էր, որ պատրաստ են գնել ռուսական բաժնեմասը՝ մոտ 700 միլիոն եվրո գնահատված արժեքով։ Նա նաև նշել էր այդ հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մասին։
Սերբիայի էներգետիկ ոլորտը մեծապես կախված է Ռուսաստանից: «Գազպրոմ»-ը երկրի միակ գազ մատակարարողն է և երկու խողովակաշարերի հիմնական սեփականատերը:
Վուչիչը «ծանր ու լուրջ» է որակել ԱՄՆ պատժամիջոցները՝ նշելով, որ կխնդրի ԱՄՆ ապագա վարչակազմին՝ վերանայել որոշումը, «մեղմացուցիչ հանգամանքներ» գտնել։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «հավատարիմ է Ռուսաստանի եկամուտների, գնումների և ֆինանսական ցանցերի համար խոչընդոտների ստեղծմանը՝ շեշտելով, որ այդ ցանցերը Մոսկվան օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմին աջակցելու համար»։
Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր Բելգրադը չի միանում Մոսկվայի դեմ արևմտյան պատժամիջոցներին և կապեր է պահպանում Կրեմլի պաշտոնյաների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վուչիչը շնորհակալություն է հայտնել Պուտինին, կրկնել, որ պատժամիջոցներ չեն կիրառի ՌԴ-ի նկատմամբ