Ըստ ԱՄՆ-ի՝ Իրանի հարձակումն Իսրայելի վրա կարող է տեղի ունենալ «այս շաբաթ»

Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբիմ, արխիվ

Իրանը և/կամ Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցները կարող են «հարձակվել Իսրայելի վրա արդեն այս շաբաթ», երեկ հայտարարել է Միացյալ Նահանգները՝ վկայակոչելով հետախուզական տվյալները։

Վաշինգտոնը կոչ է արել Թեհրանին հետ կանգնել իր կողմից շարունակական սպառնալիքներից։

Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին լրագրողներին տեղեկացրել է, որ նախագահ Ջո Բայդենը խոսել է արևմտյան առանցքային դաշնակիցների առաջնորդների հետ, քննարկել իրավիճակը՝ նշելով, որ Վաշինգտոնը լրջորեն է վերաբերվում տեղեկություններին, որ Իրանը շուտով կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան Թեհրանում հուլիսի 31-ին ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության։

Իրանը Հանիեի սպանության համար մեղադրել է Իսրայելին և խոստացել վրեժ լուծել, որը խորացնում է մտահոգությունները տարածաշրջանում ավելի լայն պատերազմի հավանականության կապակցությամբ։

«Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր լուրջ հարձակումների, այդ իսկ պատճառով վերջին մի քանի օրվա ընթացքում մենք մեծացրել ենք մեր անվտանգության ուժերի հնարավորությունները տարածաշրջանում», - ասել է Քիրբին՝ շարունակելով․ - «Տարածաշրջանում մենք զգալի ուժային կարողություններ ունենք: Եվ այդ փոփոխությունները մենք արել են վերջին մի քանի օրվա ընթացքում: Նախագահը վստահ է, որ մենք ունենք հնարավորություն՝ օգնելու Իսրայելի պաշտպանությանը»։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի հետ համատեղ հայտարարության մեջ Սպիտակ տունը, մասնավորապես, նշել էր․ - «Մենք մեր աջակցությունն ենք հայտնել Իսրայելի պաշտպանությանը՝ Իրանի ագրեսիայից և Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների հարձակումներից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը վերահաստատում է իր աջակցությունն Իսրայելին