Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-ից 5-ը կլինի Հայաստանում, տեղեկացնում է Հայաստանի Ազգային ժողովի կայքը։
Պատվիրակությանն, ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության, կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Վիքերը հանրապետական ավագ անդամն է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում, որը հայտնի է որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողով։ Նա նաև Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի հանրապետական ավագ անդամն է։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակության այցը Հայաստան։
Պատվիրակության կազմում 7 հոգի են, այդ թվում՝ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Վիլսոնը, համանախագահ, դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը։
Ըստ ԱՄՆ դեսպանության՝ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի գործընկերների և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-ի և Հայաստանի կապերի ամրապնդման նպատակով։
Հանդիպումներ են նախատեսված նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականների հետ։
ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը ԱՄՆ կառավարության անկախ հանձնաժողով է, որ ձգտում է առաջ տանել ԱՄՆ ազգային անվտանգությունն ու ազգային շահերը՝ խթանելով մարդու իրավունքները, ռազմական անվտանգությունը և տնտեսական համագործակցությունը ԵԱՀԿ 57 երկրներում։