ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետականների՝ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է հանրապետականների կողմից ներկայացված կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը։

Դաշնային գերատեսչությունների ֆինանսավորումը կավարտվի դեկտեմբերի 20-ի երեկոյան, իսկ հանգստյան օրերին արդեն կարող է խաթարվել տարբեր ծառայությունների աշխատանքը՝ օդային փոխադրումներից մինչև իրավապահ մարմիններ:

Սա կարող է լինել առաջին «շաթդաունը» 2018 թվականի դեկտեմբերից ի վեր, որը տևել էր 34 օր՝ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։

Վիճահարույց օրինագիծը նախատեսում էր կասեցնել պետական պարտքի համար նախատեսված սահմանաչափը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին երկու տարիների համար: Սակայն տասնյակ հանրապետականներ, որոնք հայտնի են պետական ծախսերի նկատմամբ իրենց խիստ մոտեցմամբ, տապալեցին փաթեթի ընդունումը: Արդյունքում փաստաթուղթը նույնիսկ ձայների պարզ մեծամասնությունը չստացավ։

Այս չընդունված օրինագիծն առաջարկվել էր ավելի մեծ օրենսդրական փաթեթի փոխարեն, որ առաջարկել էին երկու կուսակցությունները, սակայն որին դեմ էին ընտրված նախագահ Թրամփն ու միլիարդատեր Իլոն Մասկը, ով առաջադրվել էր Կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում:

Անհամաձայնության կետը հենց պետական պարտքի հարցն է, Թրամփի հիմնական առարկությունն այն էր, որ Կոնգրեսը ինքն իրեն է վերապահել պարտքի սահմանաչափի ավելացման վերաբերյալ որոշում կայացնելու հարցը՝ այս դրույթը օրինագծի տեքստում ներառելու փոխարեն։

Փաստացի կառավարության ֆինանսավորման մասին նախագծի բացակայությունը նշանակում է, որ կառավարությունը չի կարողանա իր որոշ գործառույթներ իրականացնել արդեն շաբաթ գիշեր, ինչը վտանգի տակ է դնում շուրջ 875 հազար աշխատակիցների, որոնք կարող են ուղարկվել չվճարվող արձակուրդի։

ԱՄՆ աճող պարտքը, որն այժմ կազմում է 36 տրիլիոն դոլար, ստիպում է օրենսդիրներին բարձրացնել թույլատրելի պարտքի սահմանաչափը կա՛մ հիմա, կա՛մ հաջորդ տարի: Պարտքի սահմանաչափը չբարձրացնելու դեպքում հնարավոր են ցնցումներ պարտատոմսերի շուկաներում՝ լուրջ տնտեսական հետևանքներով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին՝ մերժել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագիծը