Միացյալ Նահանգները կարող է վերջնականապես դուրս բերել իր զորքերը Իրաքից մինչև 2026 թվականի վերջը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուր։
Ըստ այդ տեղեկությունների՝ ԱՄՆ-ի և Իրաքի ներկայացուցիչները փոխըմբռնման են հասել երկրում ամերիկյան ռազմական ներկայության աստիճանական կրճատման հարցում։ Նշվում է, որ ծրագիրը համաձայնեցված է, սակայն այն դեռևս պահանջում է Վաշինգտոնի և Բաղդադի վերջնական հաստատումը, և մանրամասները կարող են որոշ չափով փոխվել:
Նախատեսվում է, որ հարյուրավոր զինվորականներ կլքեն Իրաքը մինչև 2025 թվականի սեպտեմբեր, իսկ ամբողջ զորախումբը դուրս կբերվի մինչև 2026 թվականի վերջ: Միաժամանակ երկրում կարող են մնալ որոշակի թվով ամերիկացի զինվորականներ՝ որպես խորհրդականներ։
Ներկայումս Իրաքում տեղակայված է մոտ 2500 ամերիկացի զինվորական: Նրանք երկրում են գտնվում իշխանությունների համաձայնությամբ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով։
Ամերիկյան զորքերը Իրաք են վերադարձել 2014 թվականին։