Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) ամերիկացի պաշտոնյաների հետ այսօր քննարկվել է Հայաստան-Միացյալ Նահանգներ ուղիղ չվերթեր սկսելու հարցը։
ՏԿԵՆ-ից հաղորդում են, որ Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Օրերս Հայաստանում էին նաև ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման, ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ Նա Երևանում մասնակցել էր Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստին։
Իսկ Վերման արտգործնախարար Միրզոյանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ երևանյան քննարկումների արդյունքում Վաշինգտոնը ցանկանում է ունենալ հստակ ճանապարհային քարտեզ առ այն, թե ինչպես կարող են առաջընթաց գրանցել առանցքային՝ խաղաղության և բարգավաճման, տնտեսության, առևտրի, մարդկանց միջև շփումների ոլորտներում և շարունակել ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը դեպի նոր մակարդակ։
Գնել Սանոսյանն ու Սառա Մորգենթաուն հունիսի 19-ի հանդիպմանն անդրադարձել են նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից հետո ստեղծված իրավիճակին։ Սառա Մորգենթաուն ընդգծել է, որ աղետից հետո կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցը իրենց ուշադրության կենտրոնում է։
Մայիսի 26-ի հեղեղումները ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Փլուզվել են ճանապարհներ, քանդվել են կամուրջներ, տները լցվել էին ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացնում աղետի գոտուն