Գազայի ամենօրյա մղձավանջը
Գազայում Իսրայելի գրոհների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հունիսի 19-ի առավոտյան դրությամբ հասել է 37 հազար 372-ի: Վիրավորների թիվը 85 հազար 452 է: Միայն անցած 24 ժամում սպանվել է 25 և վիրավորվել է 80 մարդ:
Զոհերի թվում կան հազարավոր երեխաներ և կանայք: Մարդիկ սնունդ հայթայթելու համար դուրս են գալիս թաքստոցներից և սպանվում: Սովորական դարձած այդպիսի ողբերգության մասին Reuters-ն է հաղորդել:
«Նրանք գնացել էին պարեն բերելու, վաճառական էին, ոչ մի զինյալ շարժման հետ կապ չունեին, հրանց հրթիռակոծեցին, անմեղ մարդիկ էին, ինչի՞ համար, կոտորում են հասարակ մարդկանց, երեխաներին, կանանց: Մեր մխիթարանքն Աստված է, Նա է մեր ճակատագրի տերը» ,- թղթակցին ասել է սպանված պաղեստինցիներից մեկի մորաքույր Ումմ Դալուլը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում առնվազն 37 հազար 174 մարդ է զոհվելՄարդու իրավունքի և պատերազմի կանոնների խախտում
Հետզհետե անհնար է դառնում աչք փակել 21-րդ դարում խաղաղ մարդկանց սպանդի վրա:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ իսրայելական բանակի գործողությունները գուցե կարող են համարվել մարդու հիմնարար իրավունքի և պատերազմի կանոնների խախտում: Զեկույցում այդպես էլ զգուշավորությամբ նշվել է՝ «գուցե կարող են համարվել»:
Փաստաթղթի հեղինակներն անդրադարձել են Գազայի հատվածում մոտ 8 ամիս առաջ իսրայելցիների կազմակերպած վեց գրոհներին, որոնց հետևանքով մեծ թվով պաղեստինցիներ են սպանվել:
«Այդ գործողություններով Իսրայելի բանակը կարող էր համակարգված կերպով խախտել տարբերակման, համաչափության և հարձակման նախազգուշական միջոցների սկզբունքները», - նշվում է փաստաթղթում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Ռավինա Շամսադարին ասել է, թե ՄԱԿ-ը կոչ է անում Իսրայելի կառավարությանը հետաքննություն անցկացնել, և «եթե դա չարվի, ապա միջազգային արձագանք կպահանջվի»:
Իսրայելն արդեն արձագանքել է, թե «այդ զեկույցը միակողմանի է, թերի է թե՛ փաստերի, թե՛ մեթոդաբանության տեսակետից»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՑԱԽԱԼ-ն ու «Համաս»-ը՝ ՄԱԿ-ի սև ցուցակումՊատերազմը սկսվել է ի պատասխան անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին հրեական ավանների վրա Գազայից «Համաս»-ի զինյալների անսպասելի հարձակման, որի հետևանքով սպանվել է մոտ 1200 և պատանդառվել մոտ 250 իսրայելցի:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել:
Ակտիվացել է ահաբեկչական մեկ այլ կառույց՝ «Հըզբոլլահ»-ը
Մինչդեռ, պատերազմը հետզհետե ընդարձակում է և կարող է հանգեցնել իսրայելա-լիբանանյան խոշոր բախումների:
Օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում ապաստանած, Արևմուտքում ահաբեկչական համարվող մեկ ուրիշ արմատական խմբավորման՝ «Հըզբոլլահ»-ի հենակետերին:
«Հըզբոլլահ»-ը անօդաչու թռչող սարքով հարվածել է իսրայելական հրասայլին: Իրանի հովանու ներքո գործող այդ կառույցն անցած 8 ամսվա ընթացքում պարբերաբար ոչ լայնածավալ հարձակումներ է կատարել, բայց անցած շաբաթ օրվանից էապես ավելացրել է դրանց թիվը:
Իսրայելի բանակը կարող է ներխուժել Լիբանանի հարավ
Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանում ռազմական գործողության ծրագիրը: Փաստաթուղթը վավերացրել են Պաշտպանության բանակի Հյուսիսային զինտարածքի հրամանատար, գեներալ Օրի Գորդինը և գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Օդեդ Բասյուկը:
Երկրի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Հըզբոլլահ» խմբավորման ղեկավար Հասան Նասրալլան սպառնում է հարձակվել Հայֆայի նավահանգստի վրա, որը կառավարվում է Չինաստանի և Հնդկաստանի միջազգային ընկերությունների կողմից։
«Մենք շատ մոտ ենք «Հըզբոլլահ»-ի և Լիբանանի վերաբերյալ մոտեցումը փոխելուն: Համապարփակ պատերազմում «Հեզբոլլահ»-ը կկործանվի, իսկ Լիբանանը մեծապես կտուժի: Իսրայելը դրա գինը կվճարի ճակատում և թիկունքում, բայց միասնական ազգի օգնությամբ և Իսրայելի Պաշտպանության բանակի ուժով մենք կվերականգնենք հյուսիսի բնակչության անվտանգությունը», -X-ում գրել է Կացը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանի դեմ պատերազմի դեպքում բանակի գործողությունների պլանըԲայդենը բանագնաց է գործուղել տարածաշրջան
Միացյալ Նահանգները հայտնել է, թե ցանկանում է կանխել տարածաշրջանում պատերազմի ընդարձակումը: Նախագահ Ջո Բայդենի կարգադրությամբ բանագնաց Ամոս Հոխշտայնը շտապ մեկնել է տարածաշրջան, որտեղ արդեն բանակցել է Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաների հետ:
«Քննարկումներս այստեղ Բեյրութում և նախօրեին Իսրայելում անցկացվում են, քանի որ իրավիճակը շատ լուրջ է, մենք վերջին շրջանում սրացում ենք տեսնում: Նախագահ Բայդենի նպատակն է խուսափել հետագա էսկալացիայից: Բոլորը պետք դրան ձգտեն, մենք կարծում ենք, որ կա դիվանագիտական ուղին, եթե կողմերն այն ընդունեն, մենք իսկապես հիմա շատ լուրջ իրավիճակում ենք», - ասել է բանագնացը:
Նրա համոզմամբ՝ հրադադարը Գազայում կարող է նպաստել հակամարտության դադարեցմանը և միաժամանակ Լիբանանի հարավում ու Իսրայելի հյուսիսում տեղահանված մարդկանց կտա իրենց տներ վերադառնալու հնարավորություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը փորձում է կանխել Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև լայնածավալ պատերազմը. ԱՄՆ բանագնաց