Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող հակամարտությունների ներուժը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով անցած օրերին Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժությունների մասին հարցին։
«Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում, ինչպես մենք բազմիցս տեսել ենք աշխարհի տարբեր մասերում, միայն կնպաստի տարածաշրջանում պահպանվող հակամարտությունների ներուժին», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Անվտանգության խորհրդաի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ Հայաստանը վերջին տարիներին ինտենսիվ աշխատում է իր դիմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ՝ շեշտելով դիվերսիֆիկացիան տնտեսության, անվտանգության մեջ։
- Արդեն 4-րդ օրն է Հայաստանում ընթանում է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ ՊՆ-ը հաղորդեց՝ 10-օրյա վարժանքներն անցկացվում են միջազգային խաղաղապահ առաքելությունում մասնակցության նախապատրաստման շրջանակներում։
- ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն ավելի վաղ ասել է, որ զորավարժությունը վկայում է երկարամյա գործընկերության մասին, որը «խարսխվում է տասնամյակներ շարունակ անվտանգային հարցերում ունեցած հաջող համագործակցության վրա»։
- Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարությունում կաշխատի ամերիկյան բանակի ներկայացուցիչը, վերահաստատել է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյան։