Խոջալու (Իվանյան) տեղափոխված ադրբեջանցիների հետ հանդիպմանը Ադրբեջանի առաջնորդը Հայաստանին ուղղված հերթական պահանջն է հնչեցրել՝ «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուի ցեղասպանությունը և ներողություն խնդրի»։
«Առաջին հերթին Հայաստանը պետք է ճանաչի այդ ողբերգությունը, այդ հանցագործությունը»,- Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։
1992 թվականին Խոջալուում տեղի ունեցած իրադարձությունները Ադրբեջանը տասնյակ տարիներ ջանում է ներկայացնել իբրև հայերի կողմից ադրբեջանցիների «ցեղասպանություն», հայկական կողմը հերքում է այդ պնդումը և քարոզչական հնարք որակում այն:
Երեկ կնոջ ու դստեր ուղեկցությամբ այցելելով հայաթափված Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ, որտեղ արդեն ադրբեջանցիներ են հաստատվում, Ալիևը վերաբնակեցվող քաղաքացիներին հավաստիացրել է՝ «պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի»։ «Իհարկե, առաջին հերթին անհրաժեշտ է մեր բանակը ամրապնդել, և մենք դա անում ենք», - ասել է նա։
«Հայաստանում ռևանշիստները բավական շատ են։ Մենք նաև հետևում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ կրկին փորձեր են ձեռնարկվում տարածքային հավակնություններ ներկայացնել մեզ»,- անդրադառնալով ներհայաստանյան քաղաքական գործընթացներին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների օրինագծի աջակիցների թիվն ԱՄՆ Կոնգրեսում ավելանում է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը. Բլինքեն