Ադրբեջանի և Իրանի նախագահների մասնակցությամբ վաղը տեղի կունենա երկու երկրների սահմաններին կառուցված ամբարտակների և հիդրոհանգույցների բացման արարողությունը, հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի էներգետիկայի նախարարության հաղորդագրությունը։
Իրան-Ադրբեջան սահմանին գտնվող Խուդաֆերինի կամրջի տարածքում Իլհամ Ալիևի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպման մասին հայտարարվել էր դեռ մարտին, սակայն շաբաթներ անց չեղարկվել, պատճառները կողմերը չէին հայտնել։
Իրանի սահմանին՝ Ջեբրայիլի շրջանում գտնվող Խուդաֆերինի կամուրջն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը, չնայած Բաքվի բողոքի նոտաներին, Թեհրանի ֆինանսական միջոցներով Արաքս գետի այդ հատվածում կառուցվել էր ջրամբար և էլեկտրակայան, սակայն այդ տարածքների նկատմամբ հաստատված հայկական վերահսկողության փաստը հետ էր պահում Իրանին դրանք շահագործելու մտքից։
Պատերազմի ավարտից հետո ադրբեջանցի և իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ այժմ կարող են միասնաբար օգտագործել Արաքս գետով անցնող Խուդաֆերինի ջրամբարն ու էլեկտրակայանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանն ու Բաքուն քննարկում են Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը մտադիր է ջրամբարներ կառուցել հսկողության տակ վերցրած տարածքներում