Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 25-ին զանգահարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ նշելով, որ ընտրություններում հաղթանակը նրա քաղաքական կուրսի նկատմամբ ամերիկյան ժողովրդի վստահության հստակ արտահայտումն է։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Թրամփի գործունեությունն էլ ավելի կարևոր դեր կխաղա աշխարհում անվտանգության ապահովման հարցում։
Ընդգծելով, որ իր նախագահության առաջին շրջանում Դոնալդ Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև բարեկամության և համագործակցության ամրապնդմանը՝ Ալիևը հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։
Ըստ Ադրբեջանի նախագահի գրասենյակի՝ Թրամփը նշել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար համատեղ աշխատանքի կարևորությունը։
Նոյեմբերի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ, շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթով։
Թրամփը նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտարարել էր, որ երբ դառնա նախագահ, կպաշտպանի հալածված քրիստոնյաներին, կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և «մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Թե ինչպես, Թրամփը չէր մանրամասնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչ է խոստացել Թրամփը հայերին, և ինչ է նշանակում նրա հաղթանակը Հայաստանի համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որքանո՞վ են իրատեսական Թրամփի խոստումները հայ-ադրբեջանական հարցում. Լեոնիդ Ներսիսյանի մեկնաբանությունը